24 մարտի 2016 - 19:21 AMT
Բերեզովսկին չի բացառում ապագայում հավաքականի մարզիչ դառնալը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի երկարամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկին չի բացառել, որ ապագայում կարող է դառնալ հավաքականի գլխավոր մարզիչ:

Նման հայտարարությամբ է նա հանդես եկել «Զվարթնոց» օդանավակայանում, ժամանելով Երևան հավաքականի կազմում իր հրաժեշտի հանդիպմանը, հայտնում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:

«Ամեն ինչ հնարավոր է: Այս պահին ես անփորձ մարզիչ եմ, նոր եմ սկսել զբաղվել (մարզչական աշխատանքով – խմբ.): Հուսամ, հնարավորինս արագ փորձ ձեռք կբերեմ, որպեսզի օգտակար լինեմ Հայաստանիս», - ասել է նա:

Ռոման Բերեզովսկու հրաժեշտի հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին, Բելառուսի հետ ընկերական խաղին:

Ավելի վաղ Ֆրանսիայի հավաքականի նախկին ավագ, Յուրի Ջորկաեֆի հայր Ժան Ջորկաեֆը «Իզվեստիա» պարբերականի հետ զրույցում հայտարարել է խոսացել է նաև Բերեզովսկու մասին: Նա նշել է, որ Բերեզովսկին, իր կարծիքով, ազգային հավաքականի լավ մարզիչ կլինի:

Ռոման Բերեզովսկին 19 տարի շարունակ եղել է Հայաստանի ազգային հավաքականի հիմնական դարպասապահը՝ խաղադաշտում անցկացնելով 93 հանդիպում:Այդ ցուցանիշով Բերեզովսկին զիջում է միայն Սարգիս Հովսեփյանին (132 խաղ): Ազգային հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնության չորս ( 2000, 2004, 2008, 2012) և աշխարհի առաջնության հինգ (1998, 2002, 2006, 2010, 2014) ընտրական փուլերին։ Անցկացրած խաղերի քանակով Հայաստանի հավաքականի դարպասապահների ռեկորդակիրն է (71 խաղ)։

Ռոման Բերեզովսկին նաև ունեցել է ակումբային փայլուն կարիերա՝ հանդես գալով ռուսական հանրահայտ ակումբներում՝ «Զենիթ», «Տորպեդո», «Դինամո»: Բերեզովսկին մինչ օրս համարվում է ռեկորդակիր ԽՍՀՄ և Ռուսաստանի առաջնություններում հանդես եկած դարպասապահների շարքում՝ ետ մղած 11-մետրանոցների թվով: