25 մարտի 2016 - 10:47 AMT
Թուրքիայի հայ պատգամավորը Սբ Զատիկի կապակցությամբ «ձու է կռվեցրել» մեջլիսում

Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության ցուցակով երկրի Ազգային ժողովի պատգամավոր ընտրված հայազգի Սելինա Դողանը՝ Հիսուս Քրիստոսի Հարության տոնի՝ Զատիկի կապակցությամբ, «ձու է կռվեցրել» Թուրքիայի խորհրդարանում։

Զատիկին սովորաբար կատարվող այս գործողությանը Սելինա Դողանին ընկերակցել է Ժողովրդահանարապետական կուսակցության մեկ այլ պատգամավոր Մեհմեթ Թյումը, ինչից հետո հայազգի կին պատգամավորը ներկված ձվեր և Զատիկի քաղցրավենիքներ է բաժանել երկրի խորհրդարանում գտնվող լրագրողներին, «Հաբերլեր»-ին հղումով գրում է Aravot.am-ը:

Դողանը խորհրդարանում ասել է. «Այս տարի Զատիկը նշվելու է մարտի 27-ին։ Քանի որ տոնը համընկնում է գարնան հետ, ձվերը ներկելու մշակույթը խորհրդանշում է գարունը։ Ես էլ ցանկացա գարունը խորհրդանշող Զատիկի ուրախությունը կիսել Մեջլիսում։ Մաղթում եմ, որ Զատիկը խաղաղություն և կայունություն բերի ամբողջ մարդկությանը»։

Մարտի 27-ին Հայ Առաքելական եկեղեցին սկսում է նշել եկեղեցական վեց Տաղավար տոներից մեկը` Սուրբ Զատիկը: Արեւի մայրամուտի հետ մինչ ուշ երեկո ՀԱԵ բոլոր եկեղեցիներում կմատուցվի պատարագ, որը նշանավորում է Մեծ պասի ավարտն ու Հիսուս Քրիստոսի հարությունը: Հին հրեաները նշում էին Զատիկը (Պեսախ) որպես Եգիպտսից հրեաների հեռանալու տոն: