25 մարտի 2016 - 15:43 AMT
Մեդվեդևն ապրիլին Երևանում կքննարկի տնտեսական գործակցության և եվրասիական ինտեգրման հարցեր

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ապրիլի 7-8-ին կայցելի Հայաստան, որտեղ կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:

ՀՀ ղեկավարության հետ բանակցությունների ժամանակ նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության հեռանկարներն առևտրատնտեսական, ներդրումային, էներգետիկ, արդյունաբերական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում, հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:

Նախատեսվում է մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթերի ստորագրում:

Ապրիլի 8-ին Դմիտրի Մեդվեդևը կմասնակցի Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Նիստի օրակարգը ներառում է եվրասիական տնտեսական ինտեգրման խորացմանն առնչվող առաջնային հարցեր:

ԵՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը Երևանում անցկացնելու որոշումն ընդունվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկությամբ 2015-ի սեպտեմբերին` բելառուսական Գրոդնոյում նմանատիպ միջոցառման ժամանակ: