28 մարտի 2016 - 13:22 AMT
Հայաստան այցելությունների ամրագրումը ռուս զբոսաշրջիկների կողմից աճել է 20-50%-ով

Դեպի Եգիպտոս և Թուրքիա զբոսաշրջային հոսքի գրեթե դադարեցման պայմաններում ռուս զբոսաշրջիկներն այլընտրանք են որոնում, հաճախ, ընտրություն կատարելով հօգուտ Անդրկովկասի երկրների: Վաղ ամրագրման շրջանում տուրօպերատորների ու ինքնուրույն ճամփորդող զբոսաշրջիկների շրջանում Անդրկովկասի երկրներ, այդ թվում Հայաստան այլցելություն ծրագրողների թիվն աճել է 50 %-ով, հայտնում է «Կոմերսանտը»:

ԱՊՀ երկրների հանդեպ հետաքրքրության աճ է արձանագրել նաև «Ինտուրիստի» վաճառքների գծով տնօրեն Սերգեյ Տոլչինը` նշելով, որ դեպի Հայաստան պահանջարկն աճել է 3 անգամ, սակայն դեռևս խոսք չի գնում շուկայի համար զգալի ծավալների մասին:

Միտումը նկատելի է նաև ինքնուրույն ամրագրումների շուկայում: DaTravel.com-ի գլխավոր տնօրենը նշել է, որ դեպի Երևան ամրագրված տոմսերի քանակը մեկ տարում 2,9%-ից հասել է 9,5%: Ավիաուղևորությունը դեպի Երևան Մոսկվայից ամռան շրջանում էժանացել է 39%` կազմելով 6,5 հազար ռուբլի:

«Սվյազնոյ թռեվելի» տնօրեն Ալեքսեյ Դորոշn ամրագրումների աճի միտումներով առանձնացրել է Բաթումը և Հայաստանը, որի պահանջարկն այս սեզոնում աճել է 20%-ով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մայիսյան տոներին Ռուսաստանից դեպի Երևան տոմսերի ամրագրումն աճել է 62%-ով: Նման ցուցանիշներ է հայտնել ավիատոմսերի օնալյն-ամրագրման Skyscanner համակարգը:

Երևանն ընդգրկվել է ռուս զբոսաշրջիկների համար 2016-ի ամենամատչելի զբոսաշրջային ուղղությունների 10-ում: Ըստ Oktogo.ru-ի, միջինը Երևանում ռուս զբոսաշրջիկն անցկացնում է 3,5 օր:

Ընթերցեք նաև. Երևանը մայիսին ռուսաստանցի զբոսաշրջիկների պահանջված ուղղություններից մեկը կլինի

Երևանը 2016-ի ամենամատչելի ուղղությունների 10-ում է ռուս զբոսաշրջիկների համար