29 մարտի 2016 - 11:15 AMT
ԼՂՀ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3200 կրակոց

Մարտի 27-ին և 28-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հիմնականում հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3200 կրակոց:

Ինչպես արդեն նշվել է, մարտի 26-ին հակառակորդը TR-107 տիպի հրթիռահրետանային կայանքներից շփման գծի հարավարևելյան ուղղությամբ՝ 5 կմ խորությամբ, արձակել է 45 արկ, իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ՝ կիրառել է 60 (33 արկ) և 82 (4 արկ) միլիմետրանոց ականանետեր:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդը մարտի 26-ին հաջորդող երկու օրերի ընթացքում ձեռնպահ է մնացել խոշոր տրամաչափի հրետանային միջոցների օգտագործումից:

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի շառայությունը

Մարտի 20- 26-ն ընկած ժամանակահատվածում շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 13000 կրակոց:

Մարտի 26-ին՝ ժամը 07:30-07:40-ի սահմաններում, շփման գծի հարավարևելյան ուղղությամբ՝ 5 կմ խորությամբ, հակառակորդի կողմից TR-107 տիպի հրթիռահրետանային կայանքների արկակոծման հետևանքով վիրավորում է ստացել Թաղավարդ գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Երվանդ Կարոյի Ֆիրյանը: