29 մարտի 2016 - 12:19 AMT
Թումոն աշխարհի ամենանորարար դպրոցն է ճանաչվել ֆրանսիական ամսագրի կողմից

Ֆրանսիական We Demain ամսագիրը աշխարհի ամենանորարար դպրոցների տասնյակի վարկանիշ է կազմել: Առաջին տեղում է Հայաստանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը:

Տասնյակում են նաև այնպիսի դպրոցներ, ինչպիսին են Սիլիկոնյան հովտի AltSchool-ը, Տոկիոյի Fuji Kindergarten-ը ու Steve Jobs Schools-ը, հայտնում է Թումոյի ֆեյսբուքյան էջը:

Թումո կենտրոնն անվճար արտադպրոցական ծրագիր է, որտեղ 12-18 տարեկան պատանիներն ուսանում են սեփական հանձնառությամբ: Առաջին Թումոն ստեղծվել է Երևանում՝ Սեմ և Սիլվա Սիմոնյանների նախաձեռնությամբ՝ Սիմոնյան կրթական հիմնադրամի կողմից և իր դռներն է բացել աշակերտների առջև 2011-ի օգոստոսի 14-ին: Կենտրոնական բանկի «Գիտելիք հանուն զարգացման» ծրագրի շնորհիվ 2013-ի փետրվարից Թումոն գործում է նաև Դիլիջանում (մոտ 300 ուսանող ունի):

ԹՈՒՄՈxՀԲԸՄ գործակցությամբ 2015-ի մայիսին նաև բացվեց Գյումրիի Թումո կենտրոնը: 2015-ի սեպտեմբերի 2-ին Թումո կենտրոն է բացվել ԼՂՀ մայրաքաղաքում: Կենտրոնի բացում է սպասվում Ջավախքում: Գործակցությունը միտում ունի տարածել Թումոն Հայաստանի այլ քաղաքներով, ինչպես նաև երկրի սահմաններից դուրս:

Կարդացեք նաև՝ Թումոյին հողի հարկի արտոնություն է տրամադրվել