31 մարտի 2016 - 12:41 AMT
ՄԻԵԴ-ի վճիռների մասին զեկույցում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ին

ԵԽ նախարարների խորհուրդը զեկույց է հրապարակել, որտեղ ներկայացվել են 2015-ի Եվրոպայի Մարդու իրավունքների դատարանի վճիռները ԵԽ անդամ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։

Զեկույցի՝ ՀՀ-ին վերաբերող հատվածում նշվում է, որ 2015-ին Հայաստանի վերաբերյալ ընդունվել է 25 գործ։

Համեմատության համար բերվում է 2014-ի ցուցանիշը, երբ ՀՀ վերաբերյալ գործերի թիվը 34 էր։

Ամենաշատ գործերն ընդունվել են Իտալիայի (2421), Թուրքիայի (1591), Ռուսաստանի (1549), Ուկրաինայի (1052) և Ռումինիայի վերաբերյալ (652)։

Զեկույցում նշվում է, որ գործերից երկուսի դեպքում Հայաստանը վճարել է արդարացի փոխհատուցում, գործերից 3-ի պարագայում փոխհատուցել է սահմանված ժամկետից ուշ։ Հրապարակված փաստաթղթում նշվում է նաև, որ Հայաստանը 2015-ի ընթացքում Եվրոպայի Մարդու իրավունքների դատարանի կայացրած վճիռները իրականացնելու համար ծախսել է 234.820 եվրո, որը նշանակալիորեն ավելի է 2014-ի համեմատ (6030 եվրո), գրում է Aravot.am-ը։

Եվրոպայի խորհրդի նախարարների խորհրդի հրապարակած զեկույցի առանձին հատվածում ներկայացված են բարեփոխումներն ու ձեռքբերումները, որոնք կատարվել են Հայաստանում՝ 1998-ից ի վեր։ Մասնավորապես նշվում է, որ Հայաստանում հեշտացել է հեռուստառադիոհեռարձակում ապահովելու համար իրավունքի ձեռքբերման գործընթացը և այլևս չեն գրանցվում անհիմն մերժման դեպքեր։

Նշվում է նաև, որ 2004-ին Հայաստանում ներդրվել է այլընտրանքային զինվորական ծառայության հնարավորությունը, որը մանրակրկիտ վերանայվել է 2013-ին, ինչի արդյունքում զինվորական ծառայությունը գտնվում է քաղաքացիական կառավարության վերահսկողության ներքո։