31 մարտի 2016 - 19:09 AMT
«Արարատ» կոնյակները մրցանակներ են ստացել Սան Ֆրանցիսկոյի միջազգային մրցույթում

Երևանի կոնյակի գործարանի «Արարատ» կոնյակներն արժանացել են բարձր մրցանակների «Սան Ֆրանցիսկոյի միջազգային գինու և ալկոհոլային խմիչքների» մրցույթում:

Սան Ֆրանցիսկոյում կայացած XVI միջազգային գինու և թունդ ալկոհոլային խմիչքների մրցույթում գործարանի ԱՐԱՐԱՏ տեսականու 10 տարվա հնացման «Ախթամար» կոնյակը արժանացել է ոսկե, իսկ «Արարատ» 5 աստղ կոնյակը արծաթե մեդալի:

Ամեն տարի անցկացվող Սան Ֆրանցիսկոյի միջազգային մրցույթը հիմնադրվել է 2000-ին և դասվում է աշխարհի ամենահեղինակավոր և ազդեցիկ մրցույթների շարքին: Այս տարի մրցույթին մասնակցել են ավելի քան 1850 խմիչք ամբողջ աշխարհից: Մրցույթի մասնագիտացված հանձնաժողովը, որը կազմված էր 39 անդամից, իր աշխատանքներն իրականացրել է մարտի 17-ից 20-ը:

Հատկանշական է, որ ըստ մրցույթի կազմակերպիչների, «Արարատ»-ը առաջին հայկական ապրանքանիշն է, որը ներկայացրել է Հայաստանը մրցույթի ամբողջ պատմության ընթացքում:

Բազմաթիվ ոսկե մեդալների արժանացած ԱՐԱՐԱՏ տեսականու Ախթամար կոնյակը (10 տարի հնացման) արտադրվում է Երևանի կոնյակի գործարանի կողմից 1967-ից:

«Ախթամար» կոնյակն արտահանվում է աշխարհի 30 երկրներ և մարմնավորում է Երևանի կոնյակի գործարանի մշակութա-հումանիտար գործունեության ուղղություններից մեկը՝ «Արարատ. Արվեստների Հավաքածու» նախագիծը:

Այն սկիզբ է առել 2012-ին և յուրաքանչյուր տարի ներկայացնում է Ախթամար կոնյակի սահմանափակ խմբաքանակ յուրովի փաթեթավորմամբ արվեստի և հայկական կոնյակի իրական սիրահարների համար: Տարբեր տարիներին «Արվեստների Հավաքածու» են կազմել սահմանափակ թողարկումներ, նվիրված թատրոնին, Սերգեյ Փարաջանովին և Հայաստանի մշակութային ժառանգությանը: Նման փաթեթավորումների վրա աշխատել են այնպիսի հայտնի նկարիչներ, ինչպիսիք են Պավել Կապլևիչն ու Գարեն Բեդրոսյանը:

Երևանի կոնյակի գործարանը՝ «Արարատ» կոնյակների բացառիկ արտադրողը, 1887-ին հիմնադրված հայկական կոնյակագործության ավանդույթների հետնորդն է: ԵԿԳ-ն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուներից մեկը և խաղող մթերող ամենամեծ ընկերությունը: 1999-ին Երևանի կոնյակի գործարանը անդամակցել է պրեմիալ ալկոհոլի համաշխարհային շուկայի առաջնորդ Պեռնո Ռիկար (Pernod Ricard) միջազգային խմբին, որը միավորում է այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են՝ Չիվասը (Chivas` շոտլանդական վիսկի), Աբսոլյուտը (Absolut` շվեդական օղի), Մարտելը (Martell` ֆրանսիական կոնյակ), Ջեյմսոնը (Jameson` իռլանդական վիսկի):