7 փետրվարի 2007 - 13:51 AMT
Մ.Բրայզա. «Ղարաբաղի խնդիրը կկարգավորվի, ես զգում եմ դա, բայց չեմ կարող ասել, թե երբ»
Հաջորդ շաբաթ Փարիզում Էներգետիկայի հարցերով միջազգային կոնֆերանսի շրջանակներում տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահներ Մեթյու Բրայզայի եւ Բերնար Ֆասյեի հանդիպումը խորհրդատվական նպատակով: Այդ մասին Բաքվում հայտարարել է Մ. Բրայզան: Նրա խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խումբը լավ է աշխատում: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար քաղաքական կամք է հարկավոր: Այժմ իրավիճակը բարդ չէ, սակայն բավականին բարդ է ժամանակացույցը, քանի որ Հայաստանում ընտրությունների տարի է: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում զարգանում է ժողովրդավարությունը, ընտրություններ են անցնում` դա լավ է: Խնդիրը կլուծվի, ես զգում եմ դա, բայց չեմ կարող ասել, թե երբ: Կարող եմ ասել, որ լավատես եմ այս հարցի լուծման առումով, սակայն չեմ կարող ինքս լուծել այն: Մենք սպասում ենք, որ նախագահները պատրաստեն հասարակություներին: Մեր աշխատանքն է օգնել երկու կողմերին քայլ առ քայլ բանակցություններ վարել»,-ընդգծել է ամերիկացի համանախագահը:

Մեթյու Բրայզան հաղորդել է նաեւ, որ մի քանի շաբաթից տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի արտոգրծնախարարների հանդիպումը: Նրա խոսքերով, համանախագահների այց տարածաշրջան չի սպասվում: Ինչ վերաբերում է Կոսովոյի տարբերակի կիրառմանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման դեպքում, համանախագահը նշել է, որ աշխարհում յուրաքանչյուր հակամարտություն յուրահատուկ է, եւ պետք չէ այս կամ այն հակամարտության լուծումը որպես մոդել ընդունել: «Կան մի քանի տեխնիկական տարրեր հիմնական գաղափարների շուրջ տարաձայնությունները վերացնելու համար: Կարծում եմ, մենք քիչ թե շատ ընդհանուր լեզու գտել ենք: Կողմերի միջեւ չկան խորը տարաձայնություններ»,-ասել է Բրայզան, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը: