1 ապրիլի 2016 - 16:59 AMT
ԼՂՀ ՊՆ. Հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել

Ապրիլի 1-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Վլադիմիր Աշոտի Մելքոնյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Վ. Մելքոնյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Մարտի 31-ին և լույս ապրիլի 1-ի գիշերը շփման գծում շարունակվել է պահպանվել լարվածությունը: Նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2700 կրակոց:

Շփման գծի գրեթե բոլոր հատվածներում ադրբեջանական զինուժը կիրառել է տարբեր տրամաչափի ականանետեր և նռնականետեր: Հատկապես ինտենսիվ հրետակոծության են ենթարկվել առաջնային գծի հյուսիսարևելյան՝ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը, որոնց ուղղությամբ 60 և 82 միլիմետրանոց ականանետերից արձակվել է 52 արկ:

ՊԲ առաջապահ զորամասերը ադրբեջանական զինուժի ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատժիչ գործողությունների և վերջիններիս ստիպել ձեռնպահ մնալ իրադրությունը սրելու հետագա քայլերից: