1 ապրիլի 2016 - 18:45 AMT
ԱԳ փոխնախարար. Ալիևի վարչակարգի վրա լուրջ ճնշում է գործադրվում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի վրա այժմ կիրառվում է լուրջ ճնշում: Այս մասին ապրիլի 1-ին ասել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

«Շատ լուրջ ճնշում է՝ կապված մարդու իրավունքների, Ղարաբաղի հարցի կարգավորումը խոչընդոտելու հետ, առավել ևս այն հանգամանքի հետ, որ ըստ էության այն վտանգում է տարածաշրջանի անվտանգությունը շփման գծում ու սահմաններում իր սադրիչ գործողություններով»,-ասել է Քոչարյանը:

Մի քանի կոնգրեսականներ դիմել էին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ առաջարկելով Ղարաբաղյան հարցով առաջընթաց ունենալու համար ճնշում գործադրել Ալիևի վրա, սակայն Վաշիգտոնում Օբամա-Ալիև ենթադրվող հանդիպումն այդպես էլ չկայացավ:

«Ես շատ կարճ կպատասխանեմ, որովհետև Ալիևը ասելիք չուներ, նրա բոլոր գործողությունները դուրս են այն տրամաբանությունից, որը թելադրվում է համանախագահների կողմից, որը թելադրվում է միջազգային իրավունքի կողմից: Ես կարծում եմ, որ դա է հիմնական պատճառը»,- նկատել է ԱԳ փոխնախարարը, գրում է Panorama.am-ը:

Նրա խոսքով՝ չնայած ԱՄՆ-Ադրբեջան փոխադարձ մեղադրանքներին Ալիևը ԱՄՆ-ում բարձր ընդունելության է արժանացել է, նրան ընդունել է ԱՄՆ պետքարտուղարը:

«Նախ, բարձր կլիներ, եթե նրան ընդուներ նախագահը կամ փոխնախագահը: Երկորրդ՝ միջազգային հարաբերություններում սովորաբար ամեն ինչ սև ու սպիտակ չէ: Ճնշումը, այնուամենայնիվ ենթադրում է որոշակի մակարդակով հարաբերությունների պահպանում ու երկխոսություն», - ասել է Քոչարյանը:

Մարտի 30-ին Վաշինգտոնում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հանդիպումը, որից հետո կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

Քերրին հայտնել է, որ Միացյալ Նահանգները հետաքրքրված է Ադրբեջանի հետ հետագա երկարատև գործակցությամբ՝ ընդգծելով: Նա մտահոգություն է հայտնել շփման գծում բռնությունների աճի կապակցությամբ՝ ընդգծելով, որ իրենք շարունակում են աշխատանքը հակամարտող կողմերի հետ, միջազգային իրավունքի սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնադրույթների հիման վրա հասնելու համապարփակ կարգավորմանը։