2 ապրիլի 2016 - 10:00 AMT
ՀՀ ՊՆ. Ռազմական գործողություններ սկսելու Ադրբեջանի որոշումը կարող է հանգեցնել այդ կողմի համար անկանխատեսելի հետևանքների

Այս պահի դրությամբ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում շփման գծի ամբողջ երկայնքով հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով բազմաթիվ զոհեր: Մարտական գործողությունները շարունակվում են, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Գերատեսչությունը պաշտոնապես հաստատում է ապրիլի 1-ից 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ամբողջ երկայնքով հակառակորդի ձեռնարկած ակտիվ հարձակողական գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը: Գործողությունների ընթացքում հակառակորդը, կիրառելով տանկեր, հրետանի և օդուժ, փորձել է ներխուժել ԼՂՀ ՊԲ պաշտպանության խորքը և գրավել մարտավարական դիրքեր:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ ադրբեջանական իշխանությունների աննախադեպ ագրեսիվ և անպատասխանատու որոշումը և պաշտոնապես հայտարարում է, որ դրանց շարունակումը կարող է հանգեցնել ադրբեջանական կողմի համար անկանխատեելի հետևանքների:

Ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության աննախադեպ լարման ամբողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները:

ՀՀ պաշտպանության նախարարությունը միջազգային հանրության և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունն է հրավիրում ստեղծված իրավիճակի վրա և ակնկալում է անհապաղ հասցեական միջամտություն՝ իրավիճակը վերահսկողության տակ պահելու և լայնածավալ ռազմական գործողություններից խուսափելու համար, ասվում է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարության մեջ:

Ըստ ԼՂՀ ՊՆ-ի, ապրիլի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ:

Կարդացեք նաև՝ Շփման գծում մարտեր են, ՊԲ հակաօդայիններն ադրբեջանական ուղղաթիռ են խոցել