2 ապրիլի 2016 - 12:57 AMT
ԼՂ ՊԲ. Խոցվել է ադրբեջանական ևս մեկ ուղղաթիռ, 3 տանկ, 2 ԱԹՍ (Լուսանկար)

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են ռազմական բախումները:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հաղորդմամբ, առավել թեժ մարտեր են ընթանում արդեն ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով:

Հաստատված տվյալներով ղարաբաղյան ուժերը մարտագծի հարավարևելյան ճակատում շարքից հանել են 2 տանկ, հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 տանկ և 1 անօդաչու թռչող սարք:

Ժամը 12:30-ի սահմաններում ՊԲ հակաօդայինների կողմից հարավարևելյան ուղղությամբ խոցվել է թշնամու ևս մեկ ռազմական ուղղաթիռ, իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 անօդաչու սարք:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տարածել է խոցված ԱԹՍ-ի լուսանկարը:

Ապրիլի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ, ինչպես նաև անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և տանկ: Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004-ին ծնված Վաղինակ Գրիգորյանը, ևս 2 երեխա վիրավորվել է: Ադրբեջանական զինուժը Մարտունու պաշտպանական ուղղությամբ ԲՄ-21 («Գրադ») կայանք է օգտագործել:

Կարդացեք նաև. ՊՆ. Լևոնարխ բնակավայրի մատույցներում հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ է ոչնչացվել