2 ապրիլի 2016 - 14:00 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ադրբեջանը «Գրադով» հարվածել էր դպրոցին. Վիրավոր երեխաներից մեկին վիրահատել են

Ապրիլի 2-ին՝ ժամը 08:30 սահմաններում, ադրբեջանական զինուժը Մարտունու ուղղությամբ ԲՄ-21 («Գրադ») կայանք էր կիրառել, ինչի հետևանքով սպանվել էր 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել էր:

PanARMENIAN.Net-ի հետ զրույցում Ստեփանակերտի հիվանդանոցից, ուր նրանց տեղափոխել են, ասացին, որ երեխան սպանվել էր, իսկ երկուսը վիրավորվել էին դպրոցի հրետակոծման հետևանքով: Մահացած Վաղինակ Գրիգորյանն ու վիրավորներից մեկը եղբայրներ էին:

Գևորգ Գրիգորյանն ու նրա մայրը (մեջտեղում)

«2004-ին ծնված Վարդան Ադրեասյանի մոտ ախտորոշվել է ազդրի բազմաբեկոր կոտրվածք, տրավմատիկ և հեմոռագիկ շոկ, կատարվել է վիրահատություն, ամեն ինչ նորմալ է: Գևորգ Գրիգորյանն ունի ազդրի շրջանի փափուկ հյուսվածքների վնասվածք: Կատարվել է վիրաբուժական մշակում», - հայտնեցին հիվանդանոցից:

Վարդան Անդրեասյանը

Ապրիլի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև անօդաչու թռչող 2 սարք (ԱԹՍ) և 3 տանկ:

Կարդացեք նաև. ԼՂ ՊԲ. Խոցվել է ադրբեջանական ևս մեկ ուղղաթիռ, 3 տանկ, 2 ԱԹՍ

ՖՈՏՈՇԱՐՔ