2 ապրիլի 2016 - 15:25 AMT
ՀՀ նախագահն ապրիլի 2-ին Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 2-ի երեկոյան Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Օրակարգում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողություններն են ու դրանց հետ կապված հարցեր, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ից Հայաստան վերադառնալու ճանապարհին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին անմիջապես զեկուցվել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում իրավիճակի լարման մասին: Այդ մասին տեղեկացրել է երկրի ղեկավարի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը: Ըստ նրա՝ մոտակա ժամերին Հանրապետության նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարելու Երևանում:

Ապրիլի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին:

Բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև անօդաչու թռչող 2 սարք (ԱԹՍ) և 3 տանկ:

Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004-ին ծնված Վաղինակ Գրիգորյանը, ևս 2 երեխա վիրավորվել է: Ադրբեջանական զինուժը Մարտունու պաշտպանական ուղղությամբ ԲՄ-21 («Գրադ») կայանք է օգտագործել:

Ընթերցեք նաև. Վարչապետ. Պետական կառույցները պատրաստ են իրավիճակի կայունացմանն ուղղված անհրաժեշտ քայլերի