2 ապրիլի 2016 - 16:40 AMT
ԼՂՀ-ում վիրավորված զինծառայողներից մի քանիսն ուղղաթիռով տեղափոխվել են ՀՀ

Ուղղաթիռով Հայաստան են տեղափոխել ԼՂՀ-ում վիրավորված զինծառայողներից մի քանիսին:

«Մուրացան» զինվորական հոսպիտալից PanARMENIAN.Net-ին տեղեկացրել են, որ «Էրեբունի» ԲԿ-ի շտապօգնությունը տեղափոխել է վիրավորներին իրենց մոտ:

Իսկ ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոն են տեղափոխվել Ծովինար Աղաջանյանը (1961թ.) աջ բազկի վ/3 հրազենային, բազուկոսկրի կոտրվածք և հոդի վնասվածքով, ձախ բազկի փափուկ հյուսվածքների վնասվածքներով, Գարեգին Աղաջանյանը (1973թ.) որովայնի կույր թափանցող հրազենային վիրավորումով և բարակ աղու վնասումով, Զավեն Ավանեսյանը (1985թ.) իրանի բազմաթիվ հրազենային վիրավորումներ ներթափանցված որովայնի խոռոչ, լյարդի վնասումով և Հայկ Թորոսյանը (1997թ.) գլխուղեղի բաց թափանցող հրազենային կույր վիրավորումով:

Բժիշկները հիվանդների վիճակը գնահատում են կայուն ծանր: Նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Ապրիլի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև անօդաչու թռչող 2 սարք (ԱԹՍ) և 3 տանկ:

Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004-ին ծնված Վաղինակ Գրիգորյանը, ևս 2 երեխա վիրավորվել է: Ադրբեջանական զինուժը Մարտունու պաշտպանական ուղղությամբ ԲՄ-21 («Գրադ») կայանք է օգտագործել:

Կարդացեք նաև՝ Ադրբեջանը «Գրադով» հարվածել էր դպրոցին. Վիրավոր երեխաներից մեկին վիրահատել են

ANCA. Ալիևի համար կանաչ լույս վառելն Օբամայի վարչակազմի ձախողումն է