2 ապրիլի 2016 - 17:26 AMT
ՄԽ համանախագահների հերթական հռետորական հայտարարությունը. Դատապարտում են ԼՂ-ում ուժի կիրառումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լրջորեն մտահոգված են ղարաբաղյան հակամարտութան գոտում հրադադարի լայնածավալ խախտումների մասին հաղորդագրություններով և կոչ են անում կողմերին դադարեցնել կրակը: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ջեյսմ Ուորլիքի (ԱՄՆ) և Պիեռ Անդրիոյի համատեղ հայտարարության մեջ, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

«Մենք վճռականորեն դատապարտում ենք ուժի կիրառումը և ցավում ենք մարդկանց, այդ թվում քաղաքացիական անձանց, անիմաստ մահվան համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Համանախագահները կոչ են անում դադարեցնել կրակն ու բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել տեղերում իրավիճակի կայունացման համար:

«Նրանք հաստատում են, որ բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորմանն այլընտրանք չկա, և պատերազմը չի կարող ելք լինել իրավիճակից»,-ասվում է հայտարարության մեջ:

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում գրել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կհանդիպեն Վիեննայում ապրիլի 4-ին և ապրիլի 5-ին կգումարեն Մինսկի խմբի նիստ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը քննարկելու համար։

Ապրիլի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին:

Բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև անօդաչու թռչող 2 սարք (ԱԹՍ) և 3 տանկ:

Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004-ին ծնված Վաղինակ Գրիգորյանը, ևս 2 երեխա վիրավորվել է: Ադրբեջանական զինուժը Մարտունու պաշտպանական ուղղությամբ ԲՄ-21 («Գրադ») կայանք է օգտագործել:

Ընթերցեք նաև.Նալբանդյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ ԱԳ նախարարի, ԵՄ հատուկ ներկայացուցչի, ՄԽ համանախագահների հետ

ՀԱՊԿ. Ադրբեջանը սրում է իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում

.Բաքուն ընդունել է ադրբեջանցի 12 զինվորի, տանկի ու ուղղաթիռի կորուստը