2 ապրիլի 2016 - 18:17 AMT
ՀՀ ՊՆ. Ադրբեջանական ԶԼՄ-ների լուրերը մեր զոհերի մասին ակնհայտ ապատեղեկատվություն են

ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ ադրբեջանական տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկատվությունն այն մասին, թե իբր ադրբեջանական զինված ուժերը ԼՂՀ տարածքում գրավել են տարբեր բնակավայրեր, հայկական կողմը կրել է սպառազինության, ռազմական տեխնիկայի տասնյակ, իսկ կենդանի ուժի հարյուրավոր կորուստներ, ակնհայտ ապատեղեկատվություն են և իրականության հետ ոչ մի առնչություն չունեն:

Հակառակորդը, հարկադրաբար խոստովանելով իր կորուստների մասին, պարզապես փորձում է սեփական հասարակության աչքում արդարացնել դրանք, գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում:

Իրադրության զարգացման վերաբերյալ հավաստի տեղեկատվություն ստանալու համար ՀՀ պաշտպանության նախարարությունը խորհուրդ է տալիս հետևել բացառապես հայկական կողմի պաշտոնական հրապարակումներին:

ԼՂՀ ԱԳՆ-ն հայտարություն է տարածել, ըստ որի՝ Ադրբեջանի կողմից լարվածության նման սրումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ: Ստեղծված իրավիճակում ԼՂՀ Պաշտպանության բանակը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները՝ պարտադրելու Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները։ Հնարավոր հետևանքների համար ողջ պատասխանատվությունը կրում է բացառապես ադրբեջանական կողմը, որը հերթական անգամ անպատասխանատու և անիմաստ արկածախնդրություն է ձեռնարկել։

Նախարարությունը կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչին հրապարակայնորեն ու վճռականորեն դատապարտել Ադրբեջանին՝ իրավիճակի հետևողական սրման, տարածաշրջանում խաղաղության և կայունության խախտման համար։

Ապրիլի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև անօդաչու թռչող 2 սարք (ԱԹՍ) և 3 տանկ:

Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004-ին ծնված Վաղինակ Գրիգորյանը, ևս 2 երեխա վիրավորվել է: Ադրբեջանական զինուժը Մարտունու պաշտպանական ուղղությամբ ԲՄ-21 («Գրադ») կայանք է օգտագործել:

Բացի այդ, Լևոնարխ բնակավայրի մատույցներում ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից հայտնաբերվել և ոչնչացվել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ, որի անդամների մի մասը, թողնելով դիակներ` նահանջել են:

Կարդացեք նաև՝ Ինչպես տարբերել շփման գծից հաղորդվող կեղծ տեղեկատվությունն իրականից. Ուղեցույց

ԼՂ ՊԲ. Խոցվել է ադրբեջանական ևս մեկ ուղղաթիռ, 3 տանկ, 2 ԱԹՍ (Լուսանկար)

ՄԽ համանախագահների հերթական հռետորական հայտարարությունը. Դատապարտում են ԼՂ-ում ուժի կիրառումը