2 ապրիլի 2016 - 21:07 AMT
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Շփման գծում գիշերային դեպքերը կարող են բերել լայնամասշտաբ պատերազմի

ՀԱՊԿ քարտուղարությունն ուշադրությամբ հետևում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության զարգացումներին: Այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ անդրադառնաով ԼՂ հակամարտության գոտում լարվածության սրմանը, Vesti.ru-ին հղումով գրում է Panorama.am-ը:

«ՀԱՊԿ քարտուղարությունն ուշադրությամբ հետևում է շփման գծում ստեղծված իրադրությանը: Գիշերային դեպքերը կարող են բերել լայնամասշտաբ պատերազմի: Դա ոչ մեկին ձեռնտու չէ, բոլորին խաղաղություն է պետք: ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումն այս հարցի կապակցությամբ բազմիցս հնչեցվել է՝ կրակի դադարեցում և խնդրի խաղաղ ճանապարհով լուծում»,- նշել է Բորդյուժան:

Ապրիլի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև անօդաչու թռչող 2 սարք (ԱԹՍ) և 3 տանկ:

Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004-ին ծնված Վաղինակ Գրիգորյանը, ևս 2 երեխա վիրավորվել է: Ադրբեջանական զինուժը Մարտունու պաշտպանական ուղղությամբ ԲՄ-21 («Գրադ») կայանք է օգտագործել: Հակական կողմն ունի 18 զոհ և մոտ 35 վիրավոր, ավելի ուշ տեղեկացրել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Լևոնարխ բնակավայրի մատույցներում ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից հայտնաբերվել և ոչնչացվել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ, որի անդամների մի մասը, թողնելով դիակներ` նահանջել են:Ավելի ուշ Բաքվի ՊՆ-ն ընդունել է, որ մարտերում զոհվել է 12 զինծառայող: Ադրբեջանական կողմը նաև ընդունել է մեկ Մի-24 ուղղաթիռի և մեկ տանկի ոչնչացման փաստը:

Կարդացեք նաև՝ ՀՀ նախագահ. 18 զոհ ունենք, պետք է աշխատել ԼՂՀ ԱԳՆ հետ ռազմական փոխօգնության պայմանագրի վրա (վիդեո)