3 ապրիլի 2016 - 10:59 AMT
ԱՄՆ Պետդեպը կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին խստորեն հետևել հրադադարի ռեժիմին

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին վճռականորեն դատապարտել է ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծում հրադադարի լայնածավալ խախտումը:

«Կոչ ենք անում կողմերին խուսափել ապագա սրացումից, խստորեն հետևել հրադադարի ռեժիմին: Տարածաշրջանում անկայունությունը ցուցադրում է, ինչու կողմերը պիտի սկսեն անհապաղ բանակցություններ վարել Մինսկի խմբի հովանու ներքո` հակամարտության համապարփակ կարգավորման հասնելու համար», - ասել է նա:

Քերին նշել է, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում: «Որպես համանախագահ երկիր, ԱՄՆ-ը աշխատում է կողմերի հետ` հասնելու վերջնական խաղաղության», - ասել է նա:

Ապրիլի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև անօդաչու թռչող 2 սարք (ԱԹՍ) և 3 տանկ:

Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004-ին ծնված Վաղինակ Գրիգորյանը, ևս 2 երեխա վիրավորվել է: Ադրբեջանական զինուժը Մարտունու պաշտպանական ուղղությամբ ԲՄ-21 («Գրադ») կայանք է օգտագործել: Հակական կողմն ունի 18 զոհ և մոտ 35 վիրավոր, ավելի ուշ տեղեկացրել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Լևոնարխ բնակավայրի մատույցներում ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից հայտնաբերվել և ոչնչացվել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ, որի անդամների մի մասը, թողնելով դիակներ` նահանջել են:Ավելի ուշ Բաքվի ՊՆ-ն ընդունել է, որ մարտերում զոհվել է 12 զինծառայող: Ադրբեջանական կողմը նաև ընդունել է մեկ Մի-24 ուղղաթիռի և մեկ տանկի ոչնչացման փաստը: