3 ապրիլի 2016 - 12:01 AMT
ՊԲ-ն հետ է վերցրել Թալիշի ուղղությամբ կորցրած հենակետը. Հայկական կողմը երկու վիրավոր ունի

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ընթանում են թեժ մարտեր:

Լուսադեմին հակառակորդի կողմից ձեռնարկված լայնածավալ հրետակոծությանն ի պատասխան, ՊԲ ստորաբաժանումները անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել ապրիլի 2-ին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին: Թշնամին զգալի կորուստներ կրելով հետ է շպրտվել: Մարտական գործողությունների ժամանակ ղարաբաղյան կողմից վիրավորվել է երկու զինծառայող:

Ղարաբաղյան ուժերի գործողությունները հաջող են ընթանում նաև մարտագծի հարավային հատվածում: Այս ուղղությամբ դիմագրավելով հակառակորդի հրթիռահրետանային ու զրահատանկային հարձակումներին, հարավային թևում գործող ՊԲ ստորաբաժանումները շարքից հանել են թշնամական 2 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ):

Ապրիլի լույս 2-ի գիշերվանից շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 2 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և 4 տանկ:Ադրբեջանն ընդունել է 12 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը` այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և վիդեոնկարներում առկա է 15 դիակ, 1 ուղղաթիռ և 1 ԱԹՍ:

Հայկական կողմից զոհվել է 18 զինծառայող, ևս 35-ը վիրավորվել է: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, ևս երկու երեխա ու չորս քաղաքացիական անձ վիրավորվել են:

Կարդացեք նաև. Տավուշի սահմանամերձ գյուղերում գիշերը խաղաղ էր, չեն կրակել