3 ապրիլի 2016 - 16:49 AMT
ՊԲ-ն պատրաստ է քննարկել կրակի դադարեցման առաջարկը՝ նախնական դիրքերի վերականգնման համատեքստում

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված` մարտական գործողությունների միակողմանի դադարեցնելու մասին հայտարարությունն ապատեղեկատվություն է:

Հաղորդագրությունում նշվում է, որ նույն հայտարարության տարածումից հետո ՄՄ-21 («Գրադ») տիպի հրթիռահրետանային կայանքներից և 152 միլիմետրանոց հրանոթներից արկակոծել հայկական խաղաղ բնակավայրերը, մասնավորապես՝ Մարտակերտ քաղաքը:

Նշված փաստերն, ինչպես նաև հայտարարության մեջ «հակահարձակողական գործողություններ» և «ազատագրված տարածքների ամրապնդում» եզրույթների օգտագործումը ի ցույց են դնում այդ փաստաթղթի կեղծ բնույթը, որի իրական նպատակը բացահայտ նախապայմաններով լի կրակի դադարեցման իմիտացիան է:

ԼՂՀ Պաշտպանության բանակը պատրաստ է ընդառաջել և քննարկել կրակի դադարեցման մասին առաջարկը՝ նախնական դիրքերի վերականգնման համատեքստում:

Ապրիլի լույս 2-ի գիշերվանից շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 2 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և, ԼՂ ՊԲ տվյալներով, 14 տանկ ու հինգ զրահամեքենա: Ադրբեջանն ընդունել է 12 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և վիդեոնյութերում առկա է 15 դիակ, 1 ուղղաթիռ և 1 ԱԹՍ:

Հայկական կողմից զոհվել է 18 զինծառայող, ևս 37-ը վիրավորվել է: Հայկական կողմը նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, ևս վեց քացաքացիական, որոնցից երկուսը` երեխա, վիրավորվել են:

Կարդացեք նաև. ՊՆ. Երևանը պատրաստ է Ստեփանակերտին ուղղակի ռազմական աջակցություն ցուցաբերել