4 ապրիլի 2016 - 08:40 AMT
ԼՂՀ ՊՆ. Հակառակորդն ականանետերից ու հրանոթներից արկակոծում է ՊԲ ատաջնային դիրքերն ու մոտակա բնակավայրերը

Ապրիլի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով հակառակորդն ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը:

Առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով: Ադրբեջանական բանակը կիրառում է 152 միլիմետրանոց հրանոթներ, «Գրադ» կայանքներ և տանկեր: Հակառակորդի ագրեսիվ գործողությունները ճնշելու ուղղությամբ ՊԲ առաջապահ ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները և վստահաբար իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրները, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ըստ ապրիլի 3-ի վերջին տվյալների, հայկական ստորաբաժանումներն առաջնագծի որոշ հատվածներում լուրջ առաջխաղացում ունեն, նորանոր դիրքեր ու բնագծեր են ազատագրել։

Ապրիլի լույս 2-ի գիշերվանից շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են, ընդհանուր առմամբ, 2 ուղղաթիռ, 3 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և, ԼՂ ՊԲ տվյալներով, 1 «Գրադ», 15 տանկ, հինգ զրահամեքենա: Ադրբեջանն ընդունել է 12 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա է մի քանի տասնյակ դիակ, 1 ուղղաթիռ և 1 ԱԹՍ:

Հայկական կողմից զոհվել է 18 զինծառայող, ևս 37-ը վիրավորվել է: ՊԲ-ն նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, ևս վեց քացաքացիական, որոնցից երկուսը` երեխա, վիրավորվել են:

Կարդացեք նաև՝ ՊՆ. Հայկական կողմն առաջխաղացում ունի, դիրքեր ու բնագծեր է ազատագրել