4 ապրիլի 2016 - 11:00 AMT
Ադրբեջանի ՊՆ ղեկավարը խոստովանել է, որ իրենք են նախահարձակ եղել

Ապրիլի 2-ի երեկոյան Ադրբեջանի նախագահի ղեկավարությամբ անցկացված անվտանգության նիստի ընթացքում երկրի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը խոստովանել է, որ իրենք են սկսել ռազմական գործողությունները` բերելով, մեղմ ասած, անիմաստ «հիմնավորումներ»: Այս մասին հայտնի է դարձել Զաքիր Հասանովի զեկույցի տեսագրությունից, հայտնում է Ռազմ.info-ն:

Ադրբեջանի պաշտպանության նախարարն իր զեկույցում մասնավորապես ասել է. «Պետք է նշեմ, որ վերջին ժամանակները ՀՀ զինված ուժերը սահմանագծին տեղակայված տարածքներում, գյուղերում դիվերսիաներ են կազմակերպում, բնակչության դեմ ծանր հրազեն, հրետանի են օգտագործում, դրա հետևանքով բնակչության շրջանում կորուստներն էլ են ավելացել (ակնհայտ ապատեղեկատվություն, ընդհակառակը` վերջին շրջանում Ադրբեջանի զինուժն էր սկսել հրետանայաին և հրթիռային տեխնիկաներից կրակել հայկական բնակավայրերի ուղղությամբ. խմբ.): Այս դիվերսիաներին հակազդելու համար, գնահատելով ստեղծված իրավիճակը` որոշվել է հրետակոծել հայկական դիրքերը և նրանց զինված ստորաբաժանումները ստիպողաբար հեռացնել մեր գյուղերի մոտակայքից:

Բացի այդ, պլանավորված կերպով, հաշվի առնելով հնարավոր ուղղությունով հայկական զինուժի ստորաբաժանումների գործողությունները, գիշերվա 1-ից 2-ը Ադրբեջանի ԶՈւ հետախուզական ստորաբաժանումները 3 ուղղությամբ գործողություններ են ձեռնարկել: ….. Այս գործողության հիմնական նպատակը դիվերսիաներին հակազդելը և մեր կրակակետերի, բնակավայրերի ազատագրումն է…»:

Փաստորեն Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոստովանում է, որ իրենք նախահարձակ են եղել և իբրև «հիմնավորում» նշում իրականության հետ կապ չունեցող «փաստեր նախկինում հայկական ուժերի գործողությունների մասին»:

Ավելին` Զաքիր Հասանովը նշում է «ադրբեջանական բնակավայրերն ազատագրելու» անհրաժեշտության մասին` ապացուցելով, որ Ադրբեջանը պատրաստ չէ և չի էլ ուզում գնալ բանակցային ճանապարհով` փորձելով ամեն բան լուծել ռազմական գործողությունների միջոցով:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 3 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և, ԼՂ ՊԲ տվյալներով, 20 տանկ ու 5 զրահամեքենա: Ադրբեջանն ընդունել է 15 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում մի քանի տասնյակ դիակներ կան, 1 ուղղաթիռ և 1 ԱԹՍ:

Հայկական կողմից զոհվել է 18 զինծառայող, մոտ 37-ը վիրավոր է: Հայկական կողմը նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Մարտունիում դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, 3 տարեց մարդ դաժանաբար սպանվել Թալիշ գյուղում: Եվս 6 քացաքացիական, որոնցից երկուսը երեխա էին, վիրավորվել են: