4 ապրիլի 2016 - 12:01 AMT
Ամերիկյան պետությունների կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը ԼՂ-ի վրա

Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն հրապարակել է նոր հռչակագիր, որում դատապարտել է Ադրբեջանին` Լեռնային Ղարաբաղում հրադադարը խախտելու համար։

Փաստաթղթում ասվում է, որ ադրբեջանական կողմի գործողությունները որակվում են որպես միջազգային իրավունքի խախտում, Asbarez-ին հղումով գրում է Tert.am-ը:

«Ադրբեջանի կողմից ռազմական ուժի կիրառումն անչափ վտանգավոր է, քանի որ այն խախտում է 1994-ի կնքված հրադադարի ռեժիմը, ինչպես նաև հակասում է Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցությունների սկզբունքին: Դա նաև միջազգային օրենքի լուրջ խախտում է, որը մենք ևս դատապարտում ենք:

Ավելին` քաղաքացիական օբյեկտները որպես ռազմական թիրախ օգտագործելը լիովին հակասում է զինված հակամարտության վարման հիմնարար կանոններին։ Նման բաները պետք է արգելվեն: Տարածքային վեճերը նման բռնությամբ լուծելու դեպքում զոհեր են գրանցվում նաև խաղաղ բնակչության շրջանում, ինչն արդեն բարբարոսություն է»,- նշվում է 35 անդամ պետություն ունեցող կազմակերպության հռչակագրում:

Կազմակերպությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին վերսկսել Մինսկի խմբի հետ բանակցությունները:

ԼՂ ՊԲ տվյալներով,ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 3 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և 20 տանկ ու 5 զրահամեքենա: Ադրբեջանն ընդունել է 15 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում մի քանի տասնյակ դիակներ կան, 1 ուղղաթիռ և 1 ԱԹՍ:

Հայկական կողմից զոհվել է 18 զինծառայող, մոտ 37-ը վիրավոր է: Հայկական կողմը նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Մարտունիում դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, 3 տարեց մարդ դաժանաբար սպանվել Թալիշ գյուղում: Եվս 6 քացաքացիական, որոնցից երկուսը երեխա էին, վիրավորվել են:

Կարդացեք նաև՝ ԱՄՆ կոնգրեսական Շերմանը կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը

Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցիչը՝ France24-ին․ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ժամանակն է եկել