4 ապրիլի 2016 - 13:24 AMT
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ. Շարքից հանվել է ադրբեջանական ТОС-1 հրանետ և 3 ԱԹՍ

Հայ հրետանավորնեը շարքից հանել են ադրբեջանական ТОС-1 հրանետ («Սոլնցեպյոկ»), իսկ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են 3 հարվածային ԱԹՍ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ադրբեջանական ստորաբաժանումները չկարողանալով կոտրել հայ դիրքապահների դիմադրությունը փորձել են կիրառել ծանր տեխնիկա, այդ թվում նաև ТОС-1 հրանետներ և մարտական ԱԹՍ-ներ: Սակայն հայ հրետանավորնեը շարքից հանել են այդ համակարգերը, իսկ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են 3 հարվածային ԱԹՍ»,-ասվում է գրառման մեջ:

Հայտնի է, որ Ադրբեջանական զինված ուժերի արսենալում կա 18 միավոր ТОС-1 տիպի հրանետ: TOC-1 «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համալիր է:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 3 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 20 տանկ ու 5 զրահամեքենա: Ադրբեջանն ընդունել է 15 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում մի քանի տասնյակ դիակներ կան, 1 ուղղաթիռ և 2 ԱԹՍ:

Հայկական կողմից զոհվել է 18 զինծառայող, մոտ 37-ը վիրավոր է: Հայկական կողմը նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Մարտունիում դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, 3 տարեց մարդ դաժանաբար սպանվել Թալիշ գյուղում: Եվս 6 քացաքացիական, որոնցից երկուսը երեխա էին, վիրավորվել են:

Ընթերցեք նաև. Ադրբեջանական ստորաբաժանում է ջախջախվել. Տեխնիկան ու զոհերին թողել են հայկական տարածքում