Հայտնի են դարձել որոշ մանրամասներ ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի տարածքում ադրբեջանական ուղղաթիռի ոչնչացումից:
Հանրային հեռուստաընկերության եթերում ուղղաթիռը ոչնչացրած զինծառայող Նարեկ Մալխասյանը պատմել է, որ այն գրոհում էր հայկական դիրքերի վրա: Ծառայակիցներից մեկն, իր հերթին, հայտնեց, որ ուղղաթիռը ոչնչացրած զինվորը նռնականետորդ է:
Հարձակման պահին Մալխասյանը գտնվում էր բլինդաժում և հանգստանում էր: Լսելով ծառայակիցների տագնապը, նա դուրս է եկել ու տեսել ուղղաթիռը, որը պատրաստվում էր գրոհել բլինդաժը՝ սպանելով, այնտեղ գտնվող անձնակազմը: Այդ պահին նա ոչնչացրել է ուղղաթիռը նռնականետից կրակոցով:
Ավելի վաղ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ ուղղաթիռը ոչնչացվել էր Մռավ լեռից դեպի արևելք ընկած հատվածում: Խոցված ուղղաթիռը Մի-24/35 սերնդի էր:
Մի-35-ը Մի-24 ուղղաթիռի արդիականացված տարբերակն է: Ադրբեջանը ձեռք էր բերել 24 հատ Մի-35 ուղղաթիռ Ռուսաստանից 2010 թվականից հետո, ևս 12 հատ Մի-24 ուղղաթիռ գնվել էր Ուկրաինայից: Ուղղաթիռների որոշ թվաքանակ ադրբեջանական զինանոցում առկա էր անկախացումից ի վեր: Մի-24-ների մի մասն արդիականացվել էր հարավաֆրիկյան ռազմարդյունաբերական ընկերությունների կողմից Մի-24 SuperHind մակարդակի:
Կարդացեք նաև. Շարքից հանվել է ադրբեջանական ТОС-1 հրանետ և 3 ԱԹՍ