4 ապրիլի 2016 - 17:33 AMT
ՀՀ ՊՆ. Իրանական գյուղի հրետակոծումը նման է սադրանքի

Ապրիլի 4-ին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Հոսեին Շեյխին հրավիրվել է ՀՀ պաշտպանության նախարարություն: Ռազմական կցորդին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Հանդիպման առիթն է ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետի տեղակալ Շաբեստարի հայտարարությունը և դրան առնչվող ադրբեջանական լրատվամիջոցներով շահարկվող լուրն այն մասին, իբր արցախյան ուժերի կողմից հրետակոծության հետևանքով Արևելյան Ատրպատական նահանգի Վերին Կոլիբեգլու գյուղում կան վիրավորներ և ավերածություններ:

Իրանի ռազմական կցորդը չի հաստատել վիրավորների առկայության մասին տեղեկատվությունը և հայտնել է, որ իրանական կողմը դիմել է ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմերին՝ առավելագույն ուշադրություն ցուցաբերել նման կարգի պատահարները բացառելու նպատակով:

Ճշտելով գյուղի աշխարհագրական կորդինատները, հայկական կողմը հայտնել է, որ նշված բնակավայրը գտնվում է արցախյան ուժերի թիկունքում, հետևաբար, հայկական ուժերի կողմից դրա հրետակոծումը քիչ հավանական է: Հանդիպման ընթացքում նշվել է, որ այս փաստը շատ նման է սադրանքի և չի բխում հայկական կողմի շահերից:

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել անմիջական շփումները՝ ապատեղեկատվության տարածումը բացառելու համար: Այս համատեքստում Արցախի պաշտպանական բանակը լրացուցիչ կուսումնասիրի հրետակոծման փաստը և համապատասխան կարգով կտեղեկացնի իրանական կողմին:

Իրանական Արևելյան Ատրպատական նահանգի Խոդաֆարին շրջանի գյուղերից մեկի տարածքում ղարաբաղյան հակամարտության գոտում ծավալված մարտերի ժամանակ արկեր են ընկել:

Կարդացեք նաև՝ Թեհրանը կոչ է արել զերծ մնալ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրող քայլերից