4 ապրիլի 2016 - 18:35 AMT
ՄԻՊ-ը Ադրբեջանի հարձակումները քաղաքացիականների վրա ներկայացրել է ՄԱԿ-ին ու ԵԽ-ին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարների ուշադրությանն է ներկայացրել ադրբեջանական կողմից հայկական քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակիչների նկատմամբ տեղի ունեցող հանցավոր ոտնձգությունների, ցուցաբերվող դաժան վերաբերմունքի վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի հատուկ պաշտպանության ներքո գտնվող՝ երեխաների և տարեցների նկատմամբ իրականացվող անթույլատրելի հարձակումների վերաբերյալ ուսումնասիրության արդյունքներ:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ Եվրոպայի խորհրդի տարածքում խաղաղ բնակիչների իրավունքների և կյանքի նկատմամբ դաժանության ամենաբարձր աստիճանի հասնող զանգվածային ոտնձգությունները չեն կարող հանդուրժելի լինել: Եվրոպայի խորհրդի տարածքում անընդունելի է ցանկացած նման գործողություն, քանի որ դրանով խախտվում են մարդու իրավունքների եվրոպական բարձր արժեքները և խաթարվում՝ եվրոպական կոնվենցիոն արժեքային համակարգը:

Ներկայացվել են նաև հիմնավորումներ միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար պահանջերի խախտումների մասին:

Համապատասխան հաղորդակցություն է նախաձեռնվել նաև Human Rights Watch, Amnesty International կազմակերպությունների, ԵԱՀԿ-ի, ինչպես նաև օմբուդսմենական միջազգային կազմակերպությունների հետ:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 6 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 20 տանկ, 5 զրահամեքենա 1 ՏՕՍ ծանր հրանետային համակարգ: Ադրբեջանն ընդունել է 15 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 2 ԱԹՍ:

Հայկական կողմից զոհվել է 18 զինծառայող, մոտ 37-ը վիրավոր է: Հայկական կողմը նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Մարտունիում դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, 3 տարեց մարդ դաժանաբար սպանվել է Թալիշ գյուղում: Եվս 6 քացաքացիական, որոնցից երկուսը երեխա էին, վիրավորվել են: