4 ապրիլի 2016 - 20:59 AMT
Հակառակորդն արկակոծել է լրագրողների մեքենան. Տուժածներ չկան

Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ հակառակորդը շարունակում է ականանետերից և հրանոթներից արկակոծել Պաշտպանության բանակի առաջնային դիրքերն ու հայկական բնակավայրերը: Այս ուղղությամբ հակառակորդը կիրառում է նաև մարտական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ): Առավոտյան այնտեղ է մեկնել լրագրողների խումբը, որոնց թվում էր նաև PanARMENIAN.Net-ի թղթակիցը:

«Մեքենաներն իրարից հեռու կանգնեցրեք, մի կուտակվեք, դուք էլ իրարից հեռու կանգնեք, հենց այս պահին էլ անօդաչու սարքեր են աշխատում, վտանգը մեծ է»,- ասաց հայ և արտասահմանցի լրագրողներին դիմավորող գնդապետը:

Միայն երբ ՊԲ-ն խոցեց ԱԹՍ-ն, լրագրողները կարողացան առաջ շարժվել դեպի մարտական գործողությունների առավել թեժ կետեր:

«Վերջին անգամ արկն այ այստեղ ընկավ»,- պատմեց շարքային հրետանավորն ու բացատրեց՝ հայկական հրետանու արդյունավետությունը դիպուկության մեջ է, ցույց տվեց լիցքավորված հաուբիցը և ավելացրեց. «ամեն վայրկյան պատրաստ ենք «կրակ» հրամանին»:

Զինվորներն ասում են, որ զինամթերքի մատակարարումը պարբերական է, մթերքինը և անհրաժեշտ այլ իրերինը՝ նույնպես:

«Էս ոտքիս տակի հողը տեսնու՞մ ես, այստեղ թուրքի ոտք չի լինելու, եթե ինձ խփեն էլ, հաստատ գիտեմ՝ տղերքն են պահելու»,- ասաց ժամկետային շարքայիններից մեկը:

Զինվորները լրագրողներին հորդորում էին վերջացնել և արագ վերադառնալ ավելի ապահով շրջաններ, հակառակորդի թռչող սարքերը կարող էին նկատել և թիրախավորել, այդպես էլ եղավ: Հետդարձի ճանապարհին 3 արկ ընկավ լրագրողների մեքենայից 30-50 մ հեռավորության վրա: Տուժածներ չկան:

Դիրքերից վերադարձի ճանապարհին Կիչան գյուղի բնակիչները պատմել են, որ կյանքը հիմկանանում բնականոն ռեժիմով է ընթանում: Վստահ են, որ մեր զինվորներն ու բազմաթիվ կամավորները թուրքին առաջ չեն թողնի:

«Խանութը բաց է, աշխատում է: Գյուղից ոչ մեկը չի գնացել, տղաս Մարտունիում է ծառայում, քիչ առաջ էի խոսում, ասաց՝ «մամ ջան, ամեն ինչ նորմալ է»,- պատմեց բնակիչներից Բաղրամյան Համեստը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 3 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 20 տանկ ու 5 զրահամեքենա: Ադրբեջանն ընդունել է 15 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում մի քանի տասնյակ դիակներ կան, 1 ուղղաթիռ և 1 ԱԹՍ:

Հայկական կողմից զոհվել է 20 զինծառայող, 72-ը վիրավոր է, 26-ն էլ անհետ կորել է: Հայկական կողմը նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Մարտունիում դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, 3 տարեց մարդ դաժանաբար սպանվել Թալիշ գյուղում: Եվս 6 քացաքացիական, որոնցից երկուսը երեխա էին, վիրավորվել են: