5 ապրիլի 2016 - 08:57 AMT
Հակառակորդը մեծացնում է զինատեսակների տրամաչափը՝ «Սմերչ» է կիրառել

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողությունները իրենց շարունակությունն ունեցան նաև այս գիշեր: Օր-օրի մեծացնելով կիրառվող զինատեսակների տրամաչափը` ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնագծի հարավային ուղղությամբ հակառակորդը կիրառել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Նույն ժամանակահատվածում հակառակորդը շարունակել է խաղաղ բնակավայրերի և մարտական հենակետերի հրետակոծությունները, անօդաչու թռչող սարքերի ակտիվորեն կիրառումը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով, որոնցից մեկը ՊԲ-ն ոչնչացրել է:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 6 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 29 տանկ, 5 զրահամեքենա 1 ՏՕՍ ծանր հրանետային համակարգ: Ադրբեջանն ընդունել է 15 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 2 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականներով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 20 զոհ, 72 վիրավոր, 26 անհետ կորած: Սպանվել է 4 խաղաղ բնակիչ: