5 ապրիլի 2016 - 10:04 AMT
Պանաման հետաքննություն է սկսում Ալիևի անվան հետ կապված օֆշորային հրապարակումների վերաբերյալ

Պանամայի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ հետաքննություն է սկսում, այսպես կոչված, «պանամական թղթերի» հրապարակման կապակցությամբ: Գերմանական Suddeutsche Zeitung թերթը հրապարակել է պանամական Mossack Fonseca իրավաբանական ընկերության փաստաթղթերը, որոնք, ըստ թերթի, վկայում են մի շարք համաշխարհային առաջնորդների և նրանց մտերիմների՝ օֆշորային սխեմաների հետ կապի մասին։ Դեռևս «պանամական թղթերի» հավաստիությունը պաշտոնապես չի հաստատվել, իսկ հենց ընկերությունը հրաժարվում է դա անել և լրագրողների գործողությունները հանցագործություն է անվանել։ Ընկերության հիմնադիրներից մեկը` Ռամոն Ֆոնսեկան, հայտարարել է, որ որոշ փաստաթղթեր իսկապես գողացվել են Mossack Fonseca-ից, սակայն չի նշել` հատկապես որոնք, հայտնում է Tert.am-ը ՌԻԱ Նովոստիի վրա հղումով:

Հայտնի է, որ օֆշորային սկանդալի առնչությամբ շոշափվում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունը:

Լրագրողները պարզել են, որ Ալիևը գրանցված է օֆշորներում` ոսկու հանքավայրերում ու լոնդոնյան անշարժ գույքում իր ունեցած մասնաբաժինները քողարկելու համար։

«Հրապարակումներում նկարագրված ազգային և միջազգային մամուլի փաստերը, որոնք նշված են «պանամական թղթերում», կդառնան քրեական հետաքննության օբյեկտ` պատժելի գործողությունների առկայությունը հաստատելու, բոլոր հանգամանքները և հեղինակներին կամ համախոհներին բացահայտելու նպատակով, միևնույն ժամանակ, պարզելու տնտեսական վնասի չափը, որը հասցվել է այդ հանցագործությամբ»,- ասվում է դատախազության հայտարարությունում։

Ըստ հաղորդագրության՝ այս կերպ կուժեղացվի պայքարը կապիտալների լվացման և միջազգային մակարդակով նրանց ազդեցության դեմ։ Պանամական գերատեսչությունը հայտնել է նաև, որ պատրաստ է միջազգային համագործակցությանը, որը կօգնի ստանալ անհրաժեշտ տեղեկություն հետաքննության նպատակներին հասնելու համար:

Ավելի վաղ Mossack Fonseca իրավաբանական ընկերության հիմնադիրներից մեկը հայտնել է ընկերության նյութերի «անօրինական հրապարակման մասին»: Արդյունքում ԶԼՄ-ներին հայտնի է դարձել մի շարք համաշխարհային առաջնորդների և նրանց մտերիմների` գումարների լվացման և հարկերից խուսափելու սխեմաների մասին: Մասնավորապես՝ Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի` ICIJ-ի (International Consortium of Investigative Journalists) լրագրողների մոտ են հայտնվել օֆշորների վերաբերյալ մի շարք գաղտնի փաստաթղթեր, որոնցում շոշափվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա բարեկամների անունները։