5 ապրիլի 2016 - 11:14 AMT
ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանը հայկական կողմի անունից կիսագրագետ, տառասխալներով նամակ է տարածում

Պարզվում է, որ հակառակորդն ապաշնորհ է ոչ միայն մարտադաշտում, այլև քարոզչական ճակատում: Ադրբեջանի ՊՆ «մասնագետները» հավանաբար լսել են, որ գոյություն ունի նաև քարոզչական պատերազմ, սակայն հաշվի չեն առել, որ հատուկ հոգեբանական գործողություններ իրականացնելու համար անհրաժեշտ են գոնե նվազագույն գիտելիքներ:

Մարտադաշտում ցավագին հարվածներ ստանալով՝ադրբեջանցիները ըստ երևույթին որոշել են հաջողության հասնել քարոզչական հարթության վրա: Հերյուրելով մի կիսագրագետ նամակ, որն իբր թե գրվել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատարի կողմից, Ադրբեջանի ՊՆ վայ-քարոզիչները չեն հասկացել, որ հայերեն նամակ գրելու համար նախևառաջ անհրաժեշտ է գոնե բավարար չափով իմանալ հայոց լեզուն:

Նամակի ոճն ու գրագիտությունը կամ ավելի ճիշտ անգրագիտությունը մեկնաբանության կարիք չունեն: Ավելացնենք նաև, որ ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը երբևէ այդպիսի ստորագրություն չի ունեցել, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 7 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 29 տանկ, 5 զրահամեքենա, ՏՕՍ 1 ծանր հրանետային համակարգ: Ադրբեջանն ընդունել է 16 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 20 զոհ, 72 վիրավոր, 26 անհետ կորած: Սպանվել է 4 խաղաղ բնակիչ:

Կարդացեք նաև. ԼՂ կառավարությունը բանկային հաշիվ է բացել Արցախին աջակցել ցանկացողների համար