5 ապրիլի 2016 - 14:38 AMT
Արցախպրես. Հայկական կողմը հետ է վերադարձրել կորցրած դիրքերը

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով ապրիլի 5-ին մի քանի ժամ շարունակհարաբերական հանգիստ է տիրում: Այս մասին հայտնում է «Արցախպրես»-ն իր աղբյուրներին հղումով: Նշվում է, որ սահմանային բոլոր ուղղություններում թշնամու կողմից ձեռնարկած ագրեսիվ հարձակողական գործողություններն արդեն մի քանի ժամ է պասիվ բնույթ են ստացել: Արցախյան բանակը համապատասխան գործողություններով խեղճացրել է հակառակորդի ակտիվությունը՝ վերադարձնելով կորցրած դիրքերը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 7 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 29 տանկ, 5 զրահամեքենա, ՏՕՍ 1 ծանր հրանետային համակարգ: Ադրբեջանն ընդունել է 16 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 20 զոհ, 72 վիրավոր, 26 անհետ կորած: Սպանվել է 4 խաղաղ բնակիչ: