5 ապրիլի 2016 - 17:02 AMT
Բորդյուժա. Բաքուն նախ պիտի հասկանա, որ սրացումը կարող է մեծ հակամարտության բերել

Իրավիճակի սրացումը Լեռնային Ղարաբաղում կարող է մեծ հակամարտության հանգեցնել Կովկասում, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Դա հղի է շատ մեծ հակամարտությամբ Կովկասում, ուստի առաջնորդները` առաջին հերթին Ադրբեջանի, պետք է դա հասկանան»,-ասել է Բորդյուժան Sputnik-Սերբիային տված հարցազրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ նրա, ՀԱՊԿ-ն իր քաղաքական ներուժով մասնակցում է Ղարաբաղում ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերին:

«Այսօր մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հակամարտությունը չծավալվի, դադարեցվի, որպեսզի կասեցվեն մարտական գործողությունները, գնդակոծությունները»,-ասել է Բորդյուժան:

Ապրիլի 5-ին ժամը 12:00-ից երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կրակը դադարեցնելու մասին, քանի որ բանակցային գործընթացներ են ընթանում:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 7 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 29 տանկ, 5 զրահամեքենա, ՏՕՍ 1 ծանր հրանետային համակարգ: Ադրբեջանն ընդունել է 16 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 20 զոհ, 72 վիրավոր, 26 անհետ կորած: Սպանվել է 4 խաղաղ բնակիչ: