8 փետրվարի 2007 - 19:07 AMT
Պենտագոնը պատրաստվում է Ռուսաստանի դեմ հնարավոր պատերազմի
ԱՄՆ պաշտպանության նախարարը գտնում է, որ ամերիկյան զինված ուժերը պետք է մեծ պատերազմի պատրաստ լինեն, հաղորդում է Associated Press-ը: «Մեզ անհրաժեշտ է պատերազմավարության միջոցների լիակատար հավաքածու, այդ թվում ինչպես ահաբեկիչների դեմ պայքարի համար հատուկ նշանակության զորամասեր, այնպես էլ ցամաքային ուժեր, որ ի վիճակի են պայքարել մեծ կանոնավոր բանակների դեմ: Մենք չգիտենք, թե ինչպիսի փոփոխություններ տեղի կունենան այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան, Իրանը եւ ուրիշները»,- հայտարարել է Ռոբերտ Գեյթսը:

Նախարարի հայտարարությունը հնչել է փոտրվարի 7-ին` ԱՄՆ Կոնգրեսի զինված ուժերի հարցով կոմիտեում լսումների ժամանակ, որոնց ժամանակ քննարկվել է Միացյալ Նահանգների ռազմական բյուջեի նախագիծը 2008 թվականի համար: Գեյթսը պաշտպանել է ռազմական բյուջեի նախագիծը, որ նախատեսում է ԱՄՆ ցամաքային զորքերի եւ ծովային հետեւակի քանակի մեծացում: Այդ միջոցները պետք է մեծացնեն «ազատ միացությունների» քանակը, որ գտնվում են Պենտագոնի տնօրինության ներքո` նոր սպառնալիքներին հակազդելու հնարավորություն ունենալու նպատակով:

Արժե նշել, որ Ռուսաստանն ու Չինաստանը «սառը պատերազմից» ի վեր ԱՄՆ բարձրագույն ղեկավարության կողմից չեն նշվել պոտենցիալ թշնամիների շարքում, ի տարբերություն ԿԺԴՀ-ի եւ Իրանի, որոնք համարվում են «չարիքի առանցքի» մաս, գրում է Lenta.ru-ն: