5 ապրիլի 2016 - 18:39 AMT
ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանական կողմը կրակում է, բայց ոչ նախկին ինտենսիվությամբ

Ադրբեջանական կողմը կրակում է, բայց ոչ նախկին ինտենսիվությամբ: Այս մասին հայտնել է ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:

«Պաշտպանության բանակը ձգտում է հավատարիմ մնալ կրակի դադարեցման մասին պայմանավորվածությանը»,-ասել է Հասրաթյանը, գրում է Panorama.am-ը:

Ապրիլի 5-ին ժամը 12:00-ից երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կրակը դադարեցնելու, քանի որ այս պահին բանակցային գործընթացներ են ընթանում:

ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը հաստատել է կրակի դադարեցման երկկողմանի համաձայնության լուրը: Նա նշեց, որ այսօր այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ից, քանի որ բանակցային գործընթաց է տեղի ունենում:

Ապրիլի լույս 2-ի գիշերից մինչև ապրիլի 5-ի կեսօրին հրադարի հաստատումը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 7 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 29 տանկ, 5 զրահամեքենա, ՏՕՍ 1 ծանր հրանետային համակարգ: Ադրբեջանն ընդունել է 16 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ:

Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 20 զոհ, 72 վիրավոր, 26 անհետ կորած: Սպանվել է 4 խաղաղ բնակիչ:

Կարդացեք նաև՝ Կորցրած դիրքերը վերադարձված են