9 փետրվարի 2007 - 13:45 AMT
Հայոց ցեղասպանության եւ Ղարաբաղյան խնդրի կապի մասին խոսում է Ադրբեջանը, այլ ոչ թե Թուրքիան
Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի եւ թուրքական արտգործնախարար Աբդուլահ Գյուլի հանդիպման ժամանակ թուրքական կողմը Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու ցանկություն է հայտնել: Այդ մասին Արման Կիրակոսյանը հայտարարել է այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, բանակցությունները Անկարայի եւ Երեւանի միջեւ սկսվել են ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղված Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նամակից հետո: «Ինչպես հիշում եք, Թուրքիայի կառավարության ղեկավարը առաջարկել է պատմաբանների հանձնաժողով ստեղծել Հայոց ցեղասպանության հարցի ուսումնասիրության համար, ինչին ի պատասխան Հայաստանի նախագահն առաջարկել է հայ-թուրքական միջկառավարական հանձնաժողով ստեղծել երկու երկրների միջեւ երկխոսություն հաստատելու եւ հարաբերությունները բարելավելու համար: Այդ պահից ի վեր մենք պարբերաբար հանդիպումներ ենք ունենում թուրքական ԱԳՆ ներկայացուցիչների հետ, սակայն ես պետք է հայտարարեմ, որ Հայաստանի դիրքորոշումը տվյալ հարցում անփոփոխ է մնում: Մենք պատրաստ ենք հարաբերությունների բարելավմանը` առանց նախապայմանների, այն դեպքում, երբ թուրքական կառավարությունը նախապայմաններ է առաջ քաշում Հայոց ցեղասպանության վարաբերյալ»,- ընդգծել է Կիրակոսյանը: Նա նաեւ նկատել է, որ Հայոց ցեղասպանության եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կապի մասին` որպես Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավման նախապայմանի, խոսում է Ադրբեջանը, այլ ոչ թե Թուրքիան: «Ես մի քանի անգամ ԱՊԱ-ում նման կարգի տեղեկատվություն եմ տեսել, սակայն թուրքական ԶԼՄ-ներից ոչ մեկում նման բան չկա, Թուրքիայի կառավարության կողմից պաշտոնական հայտարարություններ եւս չկան»,- ասել է ՀՀ ԱԳ փոխնախարարը:

Հիշեցնենք, որ Արման Կիրակոսյանը հանդիպել է թուրքական պաշտոնական անձանց Հրանտ Դինքի հուղարկավորության ժամանակ փետրվարի 23-ին Ստամբուլում: