7 ապրիլի 2016 - 11:11 AMT
ԼՂՀ ՊՆ. Թալիշի ուղղությամբ հակառակորդը հետ է շպրտվել` մարտադաշտում թողնելով կապիտան Բայրամովի դիակը

Ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական գործողություն: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով թշնամական խմբի առաջխաղացումը` անցել են կազմակերպված պաշտպանության: Ծավալված մերձամարտի արդյունքում, հակառակորդը մարտադաշտում թողնելով Ադրբեջանի ԶՈւ կապիտան, Նավթալան քաղաքի բնակիչ, 1979թ. ծնված Վագիֆ Դիլգամ օղլու Բայրամովի դիակը` հետ է շպրտվել:

Կատարվածը հերթական անգամ փաստում է, որ ադրբեջանական կողմը ոչ միայն չի հարգում նախօրեին ձեռքբերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, այլև սադրիչ քայլերով փորձում է նպատակաուղղված կերպով ապակայունացնել առանց այն էլ պայթյունավտանգ իրավիճակը, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 12 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 33 զոհ, 121-ը վիրավորվել է, 25-ն անհետ կորած են: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: