7 ապրիլի 2016 - 13:21 AMT
ԼՂՀ վարչապետ. Մարտակերտում հնարավոր սեղմ ժամկետներում կսկսվեն վերականգնման աշխատանքները

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն ապրիլի 6-ին աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանում՝ ռազմական գործողությունների հետևանքներին ծանոթանալու նպատակով: Գործադիր իշխանության ղեկավարը Մարտակերտ քաղաքում և Մատաղիս ու Թալիշ գյուղերում ծանոթացել է ապրիլի 2-5-ը թշնամու հրետակոծության հետևանքներին, ինչպես նաև՝ հանդիպել տեղի բնակիչների հետ:

Հարությունյանը երախտագիտություն է հայտնել բնակիչներին՝ ստեղծված իրավիճակում խիզախություն դրսևորելու և հայրենի համայնքներում մինչև վերջ կանգնելու վճռականության համար:

«Կառավարության կողմից արվելու է հնարավորը թշնամու արկակոծության հետևանքով բնակիչների վնասված առանձնատները և համայնքային ենթակառուցվածքները կարճ ժամանակամիջոցում վերականգնելու համար: Մի քանի օրվա մեջ քաղաքաշինության նախարարության համապատասխան մասնագետների կողմից կգույքագրվեն բոլոր վնասները՝ հնարավոր սեղմ ժամկետներում դրանց վերականգնման աշխատանքները սկսելու նպատակով»,- ասել է վարչապետը և հավելել, որ վնասված ենթակառուցվածքների բնականոն գործունեությունը վերականգնելու համար համապատասխան կառույցների կողմից արդեն ինտենսիվ աշխատանք է իրականացվում:

Այցի ընթացքում վարչապետին ուղեկցել են Էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը, Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 12 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 33 զոհ, 121-ը վիրավորվել է, 25-ն անհետ կորած են: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել:

Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: