7 ապրիլի 2016 - 13:38 AMT
Հայբիզնեսբանկը զրոյացնում է զոհված զինծառայողների և նրանց ընտանիքների վարկային պարտավորությունները

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ Վարչությունը, ի դեմս՝ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանի, հաշվի առնելով վերջին օրերին ԼՂՀ տարածքում ծավալված ռազմական գործողություններն ու դրանց հետևանքները, հատկապես՝ բարձր գնահատելով հայ ազգի հերոս տղաների անձնվեր սխրագործությունը հայրենի հողի և ժողովրդի պաշտպանության համար հակառակորդի դեմ վարվող մարտերի ժամանակ, որոշում է կայացրել ապրիլի 1-ից 7-ը ԼՂՀ-ում պատերազմական գործողությունների ընթացքում զոհված քաջարի ազատամարտիկների և նրանց ընտանիքների՝ Բանկի նկատմամբ ստանձնած վարկային պարտավորությունները համարել առ ոչինչ (վարկային պարտավորությունները զրոյացվում են):

«Հայբիզնեսբանկը» ՓԲԸ Վարչության նիստի ընթացքում Արսեն Միքայելյանը նշել է. «Բանկը Արցախում ստեղծված իրավիճակում տարբեր նպատակներով ցուցաբերած օժանդակությունների համատեքստում նման կերպ փորձում է աջակցել և սատար կանգնել նաև մեր հերոսների ընտանիքներին, ովքեր ազգին պարգևել էին իսկական պաշտպաններ, ում շնորհիվ անառիկ են մեր հայրենիքի սահմանները, խաղաղ են մեր առավոտները, անհոգ են մեր մանուկները և հայրենասիրական ոգով են ներշնչված աշխարհասփյուռ հայերը»:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 12 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 33 զոհ, 121-ը վիրավորվել է, 25-ն անհետ կորած են: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել:

Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: