7 ապրիլի 2016 - 17:00 AMT
ԱԳ փոխնախարար. Առանց ԼՂՀ լիարժեք ներգրավման բանակցային գործընթացն արդյունավետ չի լինի

Միջազգային հանրության արձագանքը հասեցական չէր, ուստի Ադրբեջանն ընկալել է դա որպես քարտ բլանշ վերջին իրադարձությունները իրականացնելիս: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, հայտնում է Panorama.am-ը:

Նա նշել է.«Պաշտոնյաների հայտարարություններում հստակություն չկա, ինչը մտահոգիչ է, այդ ուղղությամբ պետք է աշխատել»: Շ.Քոչարյանի խոսքով, առանց ԼՂՀ լիարժեք ներգրավման, ապագա բանակցային գործընթացն արդյունավետ չի լինի: «Ակնհայտ է, եթե, ընդհանարապես, խոսքը կարող է գնալ բանակցությունների մասին, նախ և առաջ պետք է կրակի դադարեցման ռեժիմը հստակ գործի: Նախորդ փորձը ցույց է տվել, որ այն միջոցները, որոնք դրա համար կիրառվում էին, բավարար չեն: Մեզ համար ցանկալի է, որ հստակ լինի»,- ասաց նա:

ԱԳ փոխնախարարը հիշեցրել է, որ դեռևս 2011 թ. համանախագահող երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախագահները, արել էին հայտարարություն, որտեղ բառացի ասված էր, որ ժամանակին ուժի կիրառումն է բերել ներկա իրավիճակի, և նոր ոժի կիրառումը կբերի նոր տառապանքների, ավերածությունների, և դա կդատապարտվի ﬕջազգային հանրության կողﬕց:

«Այն, ինչ հիմա տեղի ունեցավ, հենց դա է, նոր ուժի կիրառում է: Այնպես որ հիմա ﬔնք` հայկական կողﬔրը, պետք է աշխատենք ու հասնենք նրան, որ լինի համապատասախան արձագանք»,-նշել է Շ.Քոչարյանը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 12 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 33 զոհ, 121-ը վիրավորվել է, 25-ն անհետ կորած են: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: