8 ապրիլի 2016 - 10:34 AMT
Սարգսյանը՝ Մեդվեդևին. ԵՏՄ որոշ գործընկերներ, հրաժարվելով գալ Երևան, գցեցին մեր կառույցի հեղինակությունը

Նախագահ Սերժ Սարգսյանը վերադառնալով Բեռլինից՝ ապրիլի 7-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին:

«Ցավոք, Ձեր այցը կայանում է բարդ ժամանակաշրջանում. Ադրբեջանը հերթական անգամ փորձեց լուծել ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով: Ձեռնարկվեց լայնամասշտաբ օպերացիա՝ Ադրբեջանի զինանոցում եղած սպառազինության ամբողջ սպեկտրի կիրառմամբ: Ցավալի է, բայց այդ զենքը կիրառվել է նաև խաղաղ բնակչության նկատմամբ, զոհվել են երեխաներ, տարեց մարդիկ, սակայն ի շնորհիվ Պաշտպանության բանակի զինվորների և հրամանատարների պրոֆեսիոնալ գործողությունների, այդ փորձը կասեցվեց:

Գիտեք, որ Հայաստանում լայն արձագանք ստացավ այն փաստը, որ ադրբեջանցիները ամբողջ ուժով կիրառեցին այն զինատեսակները, որ նրանք ձեռք են բերել վերջին ժամանակներում Ռուսաստանից: Դա հասկանալի է, քանի որ Հայաստանում ժողովրդական մակարդակով Ռուսաստանին համարում են մերձավոր դաշնակից և բարեկամ»,-ասել է Սարգսյանը:

Նրա խոսքով՝ այսօր ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ հայկական կողմը չի բացառում հերթական սադրանքը, քանի որ լրատվական դաշտում այդ սադրանքները շարունակվում են, և մեծ պատրանքներ չունենալով, ակնկալում է Մինսկի խմբի համանախագահներից և ՀՀ դաշնակիցներից հասցեական հայտարարություններ և որոշակի գործողություններ, որովհետև երկրորդ փորձը, ըստ նախագահի, կբերի լայնամասշտաբ օպերացիայի, քանի որ հենց սկզբից հայկական կողմը՝ որպես 1994-ի Զինադադարի համաձայնագրի մասնակից երկիր, չէր կարող մի կողմ մնալ այդ ամենից:

«Եվ, իհարկե, Դմիտրի Անատոլիի, ցավում եմ, որ ԵՏՄ մասնակից երկրներից մեր որոշ գործընկերներ հրաժարվել են գալ Երևան՝ նախօրոք ծրագրված միջոցառմանը մասնակցելու նպատակով: Ես չգիտեմ, դրանով նրանք որքանով օգնեցին Ադրբեջանին, բայց որ հաստատապես գցեցին մեր կազմակերպության հեղինակությունը, դա միանշանակ է», - նկատել է նախագահը:

«Շատ շնորհակալ եմ, հարգելի Սերժ Ազատի: Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ մենք բանակցություններ անցկացրինք, քննարկեցինք մեր երկրների տնտեսական գործակցության ամբողջ սպեկտրը, ստորագրեցինք, իմ կարծիքով, ապագային վերաբերող կարևոր փաստաթղթեր, պայմանավորվեցինք տարբեր հարցերի, այդ թվում՝ այնպիսի բարդ, բանավիճային և կարևոր հարցերի շուրջ, ինչպիսին է, օրինակ, գազի գնագոյացումը, ինչը, իմ կարծիքով, կարևոր է Հայաստանի կայուն զարգացման համար:

Չեմ թաքցնի, իհարկե, կառավարական պատվիրակության համաձայնեցված պաշտոնական այցը եղավ շատ դժվար ժամանակահատվածում, բայց մենք ծրագրերը չփոխեցինք: Մենք համարում ենք, որ դա մեր պարտականությունն է՝ որպես Հայաստանի գործընկեր, ստանալ տեղեկատվություն, ինչպես ասում են, առաջին ձեռքից, հասկանալ, թե ինչ է կատարվում և, իհարկե, անել մեզնից կախված ամեն ինչ, որպես գործընկեր, դաշնակից, որպես Մինսկի խմբի մասնակից, որպեսզի իրադարձությունները զարգանան հանգիստ սցենարով:

Մենք ելնում ենք նրանից, որ հիմա ամենակարևորը խաղաղություն պահպանելն է, բանակցային սեղանի շուրջ վերադառնալը՝ նույնիսկ անտեսելով այն, որ հիմա այդ բանակցությունների ֆոնը, մեղմ ասած, ամենալավը չէ: Բայց ամեն դեպքում, խաղաղ բանակցություններին, հանգիստ քննարկումներին այլընտրանք չկա: Սրա հետ է կապված նաև իմ այժմյան այցը. կցանկանայի որոշ բաներ Ձեզ հետ քննարկել, թե ինչ կարելի է անել մոտ ապագայում»,-ասել է Մեդվեդևը:

Նրա խոսքով՝ ինչ վերաբերում է Եվրասիական միության պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի հետաձգմանը, նա հույն ունի, որ ամեն դեպքում, այստեղ ընդմիջում չի լինի:

«Ես, անպայման, կխոսեմ մեր Եվրասիական միության գծով գործընկերների հետ: Ինչ-որ տեղ, երևի թե, նրանց պահելաձևը և որոշումները կարելի է հասկանալ. բոլորը չէ, որ լավ տեղեկացված են ընթացիկ իրավիճակից՝ այն մասին, թե ինչ կարող է լինել, ինչ է լինելու: Հիմա ամենակարևորն է՝ չկորցնել տեմպը, չստեղծել ինչ-որ արհեստական խնդիրներ: Այդ պատճառով այսօր, երբ մենք քննարկում էինք ինտեգրացիոն գործակցության ապագան, պայմանավորվեցինք, որ հնարավորինս կարճ ժամանակահատվածում, կփորձենք անցկացնել կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը Երևանում, ինչպես և պատրաստվում էինք, որովհետև, անկեղծ ասած, մենք քիչ և հազվադեպ ենք հանդիպում:

Ամեն դեպքում, շատ շնորհակալ եմ հրավերի համար: Մենք մեծ հետաքրքրությամբ այսօր անցկացրինք կառավարությունների գծով բանակցությունները», - ասել է ՌԴ կառավարության նախագահը:

Երևանում Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպման ժամանակ ստորագրվել է փաստաթուղթ, որի համաձայն՝ ՌԴ-ից Հայաստան ներկրվող գազի գինը սահմանին 165 դոլարի փոխարեն սահմանվել է 150 դոլար:

Աբրահամյանը խնդրել է Մեդվեդևին արագացնել զենքի մատակարարման պայմանագրի կնքումը

Իրավիճակն Արցախում՝ ինտերակտիվ քարտեզով