8 ապրիլի 2016 - 11:04 AMT
ՀՀ նախագահը՝ Deutsche Welle-ին. Երբեք դեմ չենք եղել ԼՂ-ում խաղաղապահների տեղակայմանը

Հայկական կողմը երբեք դեմ չի եղել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայմանը, Այս մասին գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման մասին։

«Մենք երբեք դեմ չենք եղել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայմանը, սակայն կարծում եմ, որ այդ հակամարտությունը պետք է ամբողջությամբ և վերջնականապես լուծվի: Մենք հայտնել ստորագրել համապատասխան փաստաթուղթ, որը կնախատեսի այդ հակամարտության համապարփակ կարգավորում, այդ թվում՝ նաև երկու կողմի միջև խաղաղապահների ներկայությունը։ Սակայն ադրբեջանցիները դա չեն ցանկացել», - ասել Սարգսյանը։

Խաղաղապահների տեղակայումը ենթադրվում է Մադրիդյան սկզբունքներով: 2015 թվականին «Վեդոմոստի» պարվերականի հետ զրույցում ԱՄՆ համանախագահ Ջեյմ Ուորլիքը հայտնել էր, որ կարգավորման տարրերից պետք է լինեն անվտանգության երաշխիքները, որոնք ներառում են միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում, շեշտելով, որ «Եթե և երբ տարածքները վերադարձվեն, անհրաժեշտ կլինի այնտեղ միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայել` ապահովելու համար Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը»: Նա նաև նշել էր, որ խոսքը գնում է բացառապես համապարփակ կարգավորման մասին. «Չի կարելի վերցնել միայն մեկ ասպեկտն ու պնդել, որ դա է կարգավորման հիմքը։ Խաղաղ կարգավորումը պետք է դիտարկել իր ամբողջ ծավալով»,- ասել էր նա:

Հարցին, թե ինչ է արել նախագահը հերթական արյունահեղությունը կանխելու համար, Սարգսյանը պատասխանել է, որ իրենք արել են հնարավոր ամեն բան, գրում է Tert.am-ը։

«Մոտավորապես 3 տարի առաջ Ադրբեջանը հրաժարվեց 3 հիմնարար սկզբունքներից 2-ից, որոնք առաջարկվել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, և այժմ պնդում է, որ այդ հարցը լուծվի բացառապես տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա։ Եվ երկրորդ, բացի հակահայկական դեմարշերից և Հայաստանի հանդեպ ագրեսիվ վարքից, Ադրբեջանը մի քանի անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն և ընդլայնում է իր ռազմատենչ հռետորաբանությունը»,- նշել է նախագահը:

Նախագահը հավելել է, որ իրենք ահազանգել են համապատասխան մարմիններին և կառույցներին այն մասին` ուր է տանում գործը, ինչով կարող է ամեն ինչ ավարտվել։ Նրա խոսքով՝ իրենք առաջարկել են ստեղծել միջադեպերի պատճառները պարզելու մեխանիզմ շփման գծի ամբողջ երկայնքով, որպեսզի հստակ իմանան` ով է վիճահարույց գործողությունների նախաձեռնողը։

Լրագրողը նշել է, որ պատերազմը, ինչպես դա հաճախ լինում է, սկսվել է անսպասելի, սակայն նույնքան անսպասելի էլ` արդեն 3 օր անց, ռազմական գործողությունները դադարեցվել են, հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, և հետաքրքրվել է՝ ո՞վ է օգնել հասնել նման պայմանավորվածության։

«Մենք չենք կարծում, որ ռազմական գործողությունները բոլորովին անսպասելի են սկսվել։ Մենք դրանց սպասում էինք: Տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար։ Սակայն հրադադարն էլ պատահականություն չէր։ Ադրբեջանցիները մեծ կորուստներ են կրել»,- նշել է Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը զանգահարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին և հայտնել, որ ադրբեջանցինեը համաձայն են այդ հարցի շուրջ հանդիպել Մոսկվայում հայկական կողմի ներկայացուցիչների հետ։ Եղել է նաև միջազգային հանրության աջակցությունը, համապատասխան հայտարարություններով են հանդես եկել շատ պետություններ և միջազգային կազմակերպություններ։

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 36 զոհ, 122-ը վիրավորվել է, 21-ն անհետ կորած են:: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով:

Կարդացեք նաև. Սարգսյանը՝ Մեդվեդևին. ԵՏՄ որոշ գործընկերներ, հրաժարվելով գալ Երևան, գցեցին մեր կառույցի հեղինակությունը