8 ապրիլի 2016 - 14:04 AMT
Եթե իրավիճակը Ղարաբաղում վատթարանա, ԵԱՀԿ-ն հատուկ նիստ կգումարի

ԵԱՀԿ-ն պատրաստ է հատուկ նիստ անցկացնել Ղարաբաղի հարցով, եթե իրավիճակն այնտեղ վատթարանա: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ (Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կազմակերպության) գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Մենք հատուկ նիստ էինք գումարել ապրիլի 4-ին: Մշտական խորհուրդն ամեն շաբաթ հանդիպումներ է անցկացնում և քննարկում բոլոր հարցերը: ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստը Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի կունենա, երբ վերջիններս վերադառնան տարածաշրջանից»,-ասել է Զանյերը:

«Իհարկե, եթե իրավիճակը բացասական զարգացում ստանա, մենք հատուկ նիստ կհրավիրենք: Հակառակ դեպքում` մենք դեռևս ոչինչ չենք ծրագրել մինչև համանախագահների վերադարձը»,-ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 44 զոհ, 122 վիրավոր: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել:

Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով:

Ընթերցեք նաև. Իրավիճակն Արցախում՝ ինտերակտիվ քարտեզով