8 ապրիլի 2016 - 19:06 AMT
Բաբայան. Հայ ռազմագերիների մասին տեղեկություններ չունենք

Հայկական կողմը դեռևս հստակ տեղեկություններ չունի՝ կապված Ադրբեջանում հայ ռազմագերիների հնարավոր առկայության հետ: Ադրբեջանի իշխանություններն այդ մասին պաշտոնապես ոչինչ չեն հայտարարել, հայտնել է ԼՂՀ նախագահ մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Նա սակայն, չի բացառել, որ չհայտարարելու համար կարող են և որոշակի դրդապատճառներ լինել:

«Պետք է ճշտենք՝ կան թե չկան, Ադրբեջանը չի հայտարարում՝ ինչ է եղել այդ մարդկանց ճակատագիրը, թաքցրել են, թե ինչ են արել․․․բայց այս ամենը պետք է ճշտվի, ակնկալում ենք, որ կճշտվի նաև «Կարմի խաչ»-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջամտությամբ: Իհարկե՝ այստեղ գտնվող համանախագահների հետ այդ ամենի մասին ևս խոսվել է, և պետք է քայլեր ձեռնարկենք այդ ուղղությամբ»,- ասել է Բաբայանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Շփման գծում քառօրյա ռազմական գործողություններից հետո հայկական կողմը հայտարարում է անհետ կորած զինծառայողների մասին:

Հայաստանի առաջին Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը, ով օրերս է վերադարձել ԼՂ-ից, գերիների և անհետ կորածների հետ կապված նշել է, թե դեռևս հնարավոր չէ այս խնդրի հետ կապված հստակ պատկերացում կազմել: Նա նաև չի բացառել անհետ կորածներից ոմանց՝ ինչ-որ տեղ թաքնվելու հնարավորությունը:

«Եթե մենք դա իմանայինք, նրանք այլևս անհետ կորած չէին համարվի: Ողջ են, վիրավոր են, թաքնվում են ինչ-որ տեղ, «անեհետ կորած»-ը ներառում է այդ բոլոր տարբերակները»,- պարզաբանել է Ալավերդյանը:

Հայկական կողմն ավելի վաղ հայտնել էր, որ ադրբեջանցի գերիներ չունի: Ըստ Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակի՝ ունենալու դեպքում իրենք կդիմեին «Կարմիր Խաչ»-ի միջազգային կոմիտեին։

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 44 զոհ, 122 վիրավոր: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով:

Երևանում բողոքի ցույց է անցկացվելու՝ ընդդեմ ԼՂ հարցում միջազգային անգործության