8 ապրիլի 2016 - 23:12 AMT
ԼՂՀ. Դիերի որոնման աշխատանքների մասին տեղեկություններ չկան, լինելու դեպքում հանձնաժողովը կտարածի

Երկու կողմի զինծառայողների դիակների որոնողական աշխատանքների նպատակով ապրիլի 8-ին՝ ժամը 15:00-20:00-ն, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան և հարավարևելյան հատվածներում հաստատված կրակի դադարեցման ռեժիմի արդյունքների մասին դեռ հստակ տեղեկություններ չկան: Այդ մասին ասել է ԼՂ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը:

«Առայժմ տեղեկություններ չկան, որ եղան, կտարածենք: Համենայն դեպս, հնարավոր է, որ այսօր չլինի»,- ասել է ԼՂՀ ՊԲ ներկայացուցիչը, մեջբերում է Panorama.am-ը:

Իր հերթին ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք այդ ռեժիմն արդեն ավարտվել է, ասել է, որ եթե դրա հետ կապված տեղեկություններ լինեն, համապատասխան հանձնաժողովը կտարածի: Նրա խոսքով, դրանք, հավանաբար, կլինեն մոտակա օրերին:

«Դա ոչ թե հրադադարի առանձին ռեժիմ է, որ սահմանի ամբողջ երկայնքով է պահպանվում, այլ պարզապես կոնկրետ այդ տարածքում, որպեսզի դիերը հանեն, նույնիսկ ատրճանակով չի կարելի կրակել: Ընդհանուր առմամբ այո, պահպանվել է»,- եզրափակել է նա:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 44 զոհ, 122 վիրավոր: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: