9 ապրիլի 2016 - 10:32 AMT
Հայ երիտասարդը՝ ընդդեմ Լոնդոնում ադրբեջանցիների բողոքի ցույցի

Անի Մարգարյան անունով օգտատերը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել, որում հայ երիտասարդը Լոնդոնում միայնակ բողոքի ցույց է անում ի պատասխան մի խումբ ադրբեջանցիների բողոքի ցույցի։

Արամ անունով հայ երիտասարդը պարզել էր Hands off Artsakh անգլերեն տառերով «Ձեռքներդ հեռու Արցախից» գրությամբ պաստառ, հայտնում է Tert.am-ը։

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 46 զոհ, 122 վիրավոր: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել:

Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով:

Ապրիլի 5-ին Փարիզում Ադրբեջանի դեսպանատան առջև տեղի է ունեցել «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպության հանրահավաքը: Մասնակիցների ձեռքերին կային «Ղարաբաղը մերն է», «Ալիևը խաղաղության թշնամին է» լոզունգներով պաստառներ:

Հանրահավաքից հետո երիտասարդները փորձել են ավելի մոտենալ դեսպանատանը, սակայն Փարիզի ոստիկանությունը կենդանի պատ կազմելով և արցունքնաբեր գազ օգտագործելով խոչընդոտեց երիտասարդներին: Ոստիկանների թիվն աճում էր, բողոքի ցույցի մասնակիցները բռնությունից և անախորժություններից խուսափելու համար որոշել են դադարեցնել իրենց երթը դեպի դեսպանատուն:

Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց նախատեսված է հանրահավաք անցկացնել նաև ապրիլի 9-ին:

Ապրիլի 5-ին բողոքի ցույց են անցկացրել նաև Ավստրիայի հայ ակտիվիստները Վիեննայի Հոֆբուրգի պալատի մոտ, որտեղ տեղի էր ունեցել ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի հատուկ նիստը: Մոտ 150 մարդ պահանջել է դադարեցնել բռնությունը Լեռնային Ղարաբաղում, հայտնում է Ռիա Նովոստին:

Երևանում բողոքի ցույց է անցկացվելու՝ ընդդեմ ԼՂ հարցում միջազգային անգործության

Photo from Ani Margaryan's FB page