9 ապրիլի 2016 - 15:42 AMT
Մեդվեդև. Եթե Մոսկվան զենք չվաճառի ՀՀ-ին և Ադրբեջանին, դա ուրիշները կանեն

Եթե Մոսկվան այլևս զենք չմատակարարի Հայաստանին և Ադրբեջանին, Ռուսաստանի տեղն այլ երկրներ կզբաղեցնեն: Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

«Եթե մենք պատկերացնենք, որ Ռուսաստանը հրաժարվել է այդ դերից, մենք հիանալի հասկանում ենք, որ այդ տեղը դատարկ չի մնա: Զենք կգնեն այլ երկրներից, և դրա մահաբերությունը դրանից չի նվազի: Սակայն, միևնույն ժամանակ, դա կարող է խախտել բալանսը, որը կա, քանի որ բոլորն են հասկանում մեր գործընկերների պահանջներն ու պատկերացնում են ուժերի դասավորությունը տարածաշրջանում»,-ասել է Մեդվեդևը «Վեստի վ սուբոտու» ծրագրի եթերում «Ռոսիա 1» հեռուստաալիքով:

Ըստ Մեդվեդևի, վստահություն չկա, որ «եթե այդ շուկա գան զենք վաճառողներ այլ երկրներից, դա կմեղմացնի իրավիճակը»: Նա կարծիք է հայտնել, որ իրավիճակը «հավանաբար, ավելի կբարդանա»:

«Ես կարծում եմ, որ զենքը կարող է ձեռք բերվել ոչ միայն այն օգտագործելու համար, այլ որպես զսպման գործոն, և այս պահը ահա պետք է գնահատեն հակամարտության բոլոր կողմերը»,-ասել է Մեդվեդևը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն` անդրադառնալով ՀՀ նախագահի հայտարարությանն այն մասին, որ Ռուսաստանը մեծաքանակ զենք է վաճառել Ադրբեջանին` հայտարարել էր, որ Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին ըստ պայմանագրերի որպես իր ռազմավարական գործընկերոջը:

Ավելի վաղ ՀՀ նախագահը գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Հայաստանը դեմ է, որ ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին: Իսկ ապրիլի 7-ին ՌԴ վարչապետի հետ հանդիպմանը հայտարարեց, որ «Հայաստանում մեծ արձագանք եղավ այն փաստին, որ ադրբեջանցիներն ամբողջ ուժող օգտագործեցին այն սպառազինությունը, որ վերջին շրջանում ձեռք են բերել Ռուսաստանից:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 81 հոգու զոհվելու, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 46 զոհ, 122-ը վիրավորվել է, 21-ն անհետ կորած են:: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել:

Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով:

Ընթերցեք նաև.Իրավիճակն Արցախում՝ ինտերակտիվ քարտեզով