10 ապրիլի 2016 - 13:05 AMT
Հակառակորդն ապրիլի լույս 10-ի գիշերն ականանետ ու հաուբից է կիրառել

Ապրիլի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ բացառությամբ առաջնային գծի հյուսիսային հատվածի, որի ուղղությամբ հակառակորդը կիրառել է 82 մմ ականանետ (2 արկ) և 122 մմ Դ-30 հաուբից տիպի հրանոթ (2 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են հավատարիմ մնալ ձեռքբերված պայմանավորվածություններին և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված խնդիրը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում սկիզբ առած մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 81 հոգու զոհվելու, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 49 զոհ ՊԲ-ից, 7 զոհված կամավոր, 122 վիրավոր: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել:

Կարդացեք նաև. Հայկական կողմն Ադրբեջանին 7 մարմին է փոխանցել, ստացել 2